2021 թվականին Հայաստանի կրիպտո ոլորտում գործող ընկերությունների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ գրանցելով 91%-ոց աճ։ Չնայած նրան, որ ընկերությունները ֆիզիկապես գտնվում են Հայաստանում, դրանց մեծ մասը հաջողությամբ գործում է գլոբալ շուկայում:
nooor ընկերությունը հրապարակել է Հայաստանի կրիպտո ոլորտը ներկայացնող զեկույց՝ 2021 թվականի դեկտեմբերից 2022-ի փետրվար ամիսներին անցկացրած հարցումների հիման վրա։
Itel.am-ը nooor-ի հիմնադիր Վիգեն Առուշանյանի հետ զրուցել է ստացված արդյունքների ու կրիպտո ոլորտի բացերի, մարտահրավերների ու միտումների մասին։
- Շուկայի աճի տվյալներում նշված է, որ 91 տոկոս աճ է գրանցվել ու 2021 թվականին կրկնապատկվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
- Ընդհանուր ամբողջ աշխարհում է աճ գրանցվել՝ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Մարդկանց մոտ բարձրացել է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն, բայց ընկերություններն այդքան չեն շատացել։
Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շատ ընկերություններ դասական ՏՏ-ում գործունեություն են ծավալել, բայց 2021 թվականին վերապրոֆիլավորվել են։ Սրան նպաստել է նաեւ NFT-ների շուրջ հայփը, բոլորը դրա մասին են խոսում։
Մենք չենք հաշվառել NFT նախագծերը, որոնք գրանցված չեն։ Բայց շաբաթական 3-ից 4 NFT գաղափար ենք ստանում մեզ մոտ։
photo © nooor
Ըստ զեկույցի, հայկական ընկերությունների կեսից ավելին հաճախորդներ ունեն Եվրոպայում (26%) կամ Միացյալ Նահանգներում (26%): 24%-ն ունի լայն գլոբալ թիրախավորում առանց առանձնահատուկ շրջանների միջեւ տարբերակման:
16%-ը թիրախավորել է Ասիայի հաճախորդներին։ Ընկերությունների միայն 9%-ն է կենտրոնանում Մերձավոր Արեւելքի վրա, որտեղ հիմնական շուկան Արաբական Միացյալ Էմիրություններն են: Ընկերությունների մեծ մասն աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ: 65%-ը B2B ծառայություններ է մատուցում, բայց հետաքրքիրն այն է, որ վերջին տարում ավելի շատ հենց B2C մոդելով աշխատող ընկերությունների աճ է գրանցվել։ - B2B-ն, որոշ բացառություններով, աութսորսի մասին է վկայում։ Շատ են այն ընկերությունները, որոնք այս ոլորտում պատվերով պրոդուկտ են ստեղծում կամ սատարում են այլ ընկերությունների։ Դաշտը դեռ պատրաստ չէ B2C պրոյեկտների համար։
photo © nooor
2021-ին աշխարհում կրիպտո օգտատերերի թիվը 100 միլիոնից դարձել է 300 միլիոն ու նրանց պետք է առաջարկել B2C լուծումներ։ Շատ ընկերություններ տեսնում են հնարավորությունները ու արդեն գործում են այդ ուղղությամբ։
- Ոլորտի թիրախավորման ինֆոգրաֆիկային նայելիս, տեսնում ենք, որ ընդամենը 9%-ն է կրթական պրոդուկտ կամ ծառայություն ներկայացնում, մինչդեռ մյուս ուղղությունները ավելի մեծ աճ են գրանցել։ - Սա վկայում է մասնագետների պակասի մասին: Այսինքն՝ կուզեին աճել, բայց հնարավորություն չունեն։ Կրթականը ամենաբարդ ընդլայնվող ու մասշտաբացվող ոլորտն է, որովհետեւ կախված է մարդկանցից, գիտելիքից։ Նոր մասնագետների եւ նոր գիտելիքների պահանջարկն ահռելի է, բայց ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում շատ քիչ են ընկերությունները, որոնք կոնկրետ կրթական պրոդուկտներ են պատրաստում, որոնց կարիքն իսկապես կա։
Ըստ զեկույցի, ընկերությունների մեծամասնությունը՝ 62%-ը, զարգացնում է սեփական պրոդուկտը։ Երկրորդ տեղում ծառայությունների մատուցումն է՝ խորհրդատվություն, մարքեթինգ, հաճախորդների աջակցություն եւ այլն (48%)։ Յուրաքանչյուր 5-րդ ընկերություն աութսորսինգ է անում։ Հարցվածների 24%-ը նշել են, որ ներդրումներով են զբաղվում։ - Ներդրումների մասով ներկայացված են «հայկական հետք» ունեցող ֆոնդերը։ Կան ֆոնդեր, որոնք զբաղվում են միայն կրիպտո նախագծերի մեջ ներդրումներով։
Երբեմն կրիպտոյի մեջ ներդրում ասելով՝ մարդիկ պատկերացնում են ինչ-որ ակտիվներ, թոքեններ գնելը, պահելը ու հետո վաճառելը շահույթի նպատակով։ Մինչդեռ, ներդրումների առնչությամբ զեկույցում ներկայացված տվյալները վերաբերում են ֆոնդերին, վենչուրային ընկերություններին, որոնք զբաղվում են հենց կրիպտոյի հետ կապված ընկերություններում ներդրումներ կատարելով:
2021 թվականի ընթացքում Հայաստանում մի քանի ընկերություն ստեղծվել է հենց այս ոլորտի նախագծերի մեջ ներդրումներ կատարելու նպատակով, ոչ թե եղած ֆոնդերն են նոր ուղղություն բացել՝ սա նշանակալի ցուցանիշ է:
- Ըստ զեկույցի, ոլորտի երկու երրորդը ինքնաֆինանսավորվող է։ Ոլորտի խաղացողների միայն 33%-ն է ներգրավել արտաքին ներդրումներ։ - Սա ցույց է տալիս, որ ոլորտը բավականին արագ է մոնետիզացվում ի տարբերություն ավանդական ճանապարհից, երբ տարիներով կառուցում ու մշակում են պրոդուկտը, հսկայական գումարներ ծախսում, որ տեխնոլոգիան զարգացնեն, հետո գտնեն հաճախորդներ։
Գումարը բավականին արագ է հետ գալիս, որովհետեւ հաճախորդների քանակը ավելի շատ է, քան որակյալ պրոդուկտները։
Ընկերությունների մեծ մասն առանց արտաքին կապիտալի են ստեղծվել ու կայացել։ Արդեն կայացած ու գոյություն ունեցող ընկերությունները վերապրոֆիլավորվել են կամ նոր պրոդուկտ են ստեղծել այս դաշտի համար ու կարողացել են սեփական ուժերով զարգանալ։ Կամ էլ հիմնադիրները մարդիկ են, ովքեր սեփական միջոցների հաշվին են դա արել։
photo © nooor
Ըստ զեկույցի, ծրագրավորման լավագույն 5 լեզուները, որոնք օգտագործում են ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերությունները՝ Solidity, JavaScript, Python, Java եւ Golang լեզուներն են։ Solidity-ն ամենահայտնին է (57%): JavaScript-ը գրեթե կիսում է արդյունքը, ինչը, հավանաբար, պայմանավորված է նախքան կրիպտոաշխարհ մտնելը արդեն իսկ JavaScript գործածող ընկերությունների վերապրոֆիլավորման հետ։ Python-ը երրորդ ամենահայտնի լեզուն է՝ 50%։ Հաջորդը Java եւ Go լեզուներն են՝ ընդամենը 30%: Կան նաեւ թիմեր, որոնք մասնագիտացած են Rust, C++, C# եւ այլ լեզուներով աշխատանքում, սակայն դրանք ավելի քիչ են տարածված։- Ըստ զեկույցի, ընկերությունների 73%-ը փնտրում է ինժեներների։ Ինչի՞ մասին է սա խոսում:- Այն մասին, որ ավելի շատ են նոր գաղափարները, քան դրանք պրոդուկտի վերածող ձեռքեր։ Բայց ոլորտում շատ են անհրաժեշտ նաեւ փափուկ հմտություններով (soft skills) մարդիկ։
Կանխատեսումներ կան, որ եթե առկա տեմպը պահպանվի, մինչեւ տարեվերջ աշխարհում կլինի 1 մլրդ օգտատեր, որոնց սպասարկող մարդիկ են պետք։ Ամենամեծ խնդիրն այս պահին ոչ թե գումարն է, այլ տաղանդները։
Ոլորտի հանդեպ նախնական վերաբերմունքը հակասական է լինում, երբեմն ասում են, որ «կրիպտոն բարդ է» ու չեն խորանում։ Կարծում են, որ սա առանձին տեխնիկական ուղղություն է, ինչպես, օրինակ, մեքենայական ուսուցումը (machine learning), բայց այդպես չէ։ Դաշտում տեղ ունեն բոլոր մասնագիտությունները, բայց հարկավոր է ունենալ հատուկ գիտելիքներ ու հմտություններ, ու սա շանս է առնվազն կրկնապատկելու եկամուտները՝ անկախ մասնագիտացումից։
Հենց այս ոլորտային բացը լրացնելու համար nooor-ն արդեն 5 տարի գործում է ու համայնքը կառուցելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Ունենք տարբեր պրոդուկտներ, կրթական ծրագրեր, ինչպես օրինակ՝ The Blockchain Challenger-ը եւ Solidity-ն։
- Ինրպիսի՞ն է տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի դերակատարությունը կրիպտո ոլորտում։- Մեր կրիպտո համայնքը փոքր է, բայց լուրջ խնդիրներ է լուծում։ Ընդհանրապես կրիպտոաշխարհը սահմաններ չի ճանաչում։ Եթե դիտարկենք գլոբալ մեծ ընկերություններն ու հայկական համայնքը, կարող եմ ասել, որ մենք լավ դիրքերում ենք։
Զեկույցը չի ներառում NFT-ով զբաղվող անհատներին, ստեղծողներին կամ դրա առեւտրով զբաղվողներին, Web3.0-ում աշխատող ֆրիլանսերներին, միջազգային նախագծերում հեռավար աշխատողներին, կրիպտո թրեյդերներին կամ ներդրողներին, p2p փոխանակումներում ներգրավված մարդկանց: Նաեւ այն չի ներառում «գորշ շուկայի» խաղացողներին։ Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։ Նունե Գրիգորյան