Զարեհ Զուրաբյանը
17:48 | 09.01.23 | Հարցազրույցներ | exclusive 33411
Զարեհ Զուրաբյանը eLabNext-ի ղեկավարն է, որը պատկանում է գերմանական Eppendorf ընկերությանը։ eLabNext-ը հիմնադրվել է 2010 թվականին լաբորատոր թվայնացման միջոցով լաբորատոր հետազոտական գործընթացները բարելավելու նպատակով: Զարեհն օգնում է հայկական բիոտեխնոլոգիական ընկերություններին եւ ստարտափներին ինտեգրվել eLabNext-ի հարթակում եւ ներկայացնել իրենց լուծումները համաշխարհային շուկայում:
Նա iTel.am-ի հետ խոսել է իր կարիերայի, գործունեության, հայկական ստարտափների հետ համագործակցության եւ համաշխարհային բիոտեխնոլոգիական միտումների մասին։
- Կպատմե՞ք Ձեր կենսափորձի մասին, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել կենսատեխնոլոգիայով եւ աշխատել այս ոլորտում:
- Իմ ընտանիքում բոլորը գիտնականներ են: Մայրիկիս կողմից մաթեմատիկոսներ են, հայրիկիս կողմից՝ ֆիզիկոսներ։
Կատարել եմ գիտահետազոտական աշխատանքներ կենսաբանության ոլորտում, աշխատել եմ անաէրոբ բակտերիաների հետ, նաեւ կենսաէներգիայի հետ կապված հետազոտություններ եմ իրականացրել: Նաեւ աշխատել եմ կենսառեակտորների հետ:
Աշխատում էի լաբորատորիայում, որի մենեջերը հեռացավ ընկերությունից առաջին 3 ամիսների ընթացքում եւ ես առաջարկեցի օգնել կառավարչական հարցերում՝ մինչեւ նոր մարդ կընդունեն: Ինձ շատ դուր էր գալիս գործընթացը, մատակարարների հետ հարաբերություններ զարգացնելը, կազմակերպության համար շատ գումար խնայելը եւ այլն։ Հետո հասկացա, որ ուզում եմ զբաղվել ոչ միայն հետազոտությամբ, այլեւ բիզնեսով:
Հարվարդի համալսարանից բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում ստացա։ Վերջին 5 տարիների ընթացքում աշխատում եմ գերմանական Eppendorf-ում, որը ձեքռ է բերել eLabNext-ը:
- Պատմեք eLabNext-ի գործունեության եւ հայկական բիոտեխնոլոգիական ստարտափների հետ կապված նոր նախաձեռնությունների մասին։
- eLabNext-ը թվային լաբորատոր հարթակ է, որն ապահովում է այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Էլեկտրոնային լաբորատորիան (Electronic Lab Notebook-ELN) կամ Լաբորատոր տեղեկատվության կառավարման համակարգը (Laboratory Information Management System-LIMS)։ Տրամադրում է գույքագրման կառավարման լուծումներ լաբորատորիաների համար, որպեսզի դրանք օպտիմալացնեն իրենց արդյունավետությունը: Աշխատում ենք տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, կենսատեխնոլոգիա, առողջապահություն եւ այլն:
Թվայնացումն այսօր «թեժ» թեմա է, ուստի մենք օգնում ենք լաբորատորիաների համար թվային ռազմավարություններ գտնել: Ուսումնասիրում ենք լաբորատորիայի ընդհանուր կառուցվածքը եւ ենթակառուցվածքը, այնուհետեւ օգնում մշակել թվային ռազմավարություն գալիք տարիների համար՝ մեր ծրագրաշարի հիման վրա:
Վերջերս թողարկեցինք նոր հարթակ, որը թույլ է տալիս ինտեգրել երրորդ կողմի ծրագրակազմերը՝ plugin-ների կամ հավելվածների տեսքով։
Հայաստանում կան շատ լավ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք օգտագործում են արհեստական բանականություն, եւ ես ցանկանում եմ ինտեգրել դրանք մեր ծրագրային հարթակում եւ ներկայացնել աշխարհին:
- Ի՞նչ խնդիրների եք բախվում հայկական ընկերությունների ինտեգրման գործընթացում։
- Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնք ունեն լիարժեք զարգացած պրոդուկտ։ Նրանք ունեն հիանալի գաղափարներ եւ ալգորիթմներ, ռազմավարություններ եւ հավակնություններ, բայց երբ հարցնում եմ, թե ի՞նչ է իրենց ծրագրային լուծումը օգնելու լաբորատորիաներին, սովորաբար շատ ընդհանրական պատասխաններ եմ ստանում։ Այստեղ եմ տեսնում խնդիրը. նրանք շատ առումներով օգնում են լաբորատորիաներին, դա ճշմարիտ պատասխան է, սակայն տեխնոլոգիական աշխարհում պետք է մեկ հիմնական ուղղությամբ խորանալ եւ ճիշտ թիրախներ ընտրել։
Ինձ դուր են գալիս մարդիկ, պրոդուկտի ներուժը, բայց ես չեմ կարողանում լավ հասկանալ, թե ինչպես ենք միասին աշխատելու, քանի որ իրենք էլ չգիտեն, թե որն է իրենց մասնագիտացումը եւ ինչպես պետք է ներկայանան աշխարհին։
Այդուհանդերձ, կան շատ լավ մասնագետներ եւ շատ լավ ընկերություններ, որոնց մենք հանդիպել ենք: Դրանցից մեկը Modicus Prime-ն է, որը մանրադիտակով արված պատկերների վերլուծություն է անում եւ արդեն ինտեգրված է մեր հարթակում։ Նրանք հաջողությամբ օգնում են մեր հաճախորդներից շատերին: Ունենք հաջողության պատմություններ, որոնք օգտագործում ենք որպես օրինակ այլ ընկերությունների հետ աշխատելիս:
- Ի՞նչ է պետք ունենան հայկական ընկերությունները, որպեսզի կարողանան ինտեգրվել։
- Հայաստանում հիմնադիրների մեծ մասը տեխնոլոգիական ոլորտի մարդիկ են, հաճախ հենց իրենք են կոդ գրում։ Տեխնոլոգիական ոլորտի մարդկանցից շատերն ինտրովերտ են եւ այնքան են տարված իրենց տեխնոլոգիայով, որ հաճախ նրանց հետ զրույցը վերածվում է սոսկ տեխնիկական քննարկման, այլ ոչ թե խոսակցության այն մասին, թե ինչ կարող է տալ իրենց լուծումն աշխարհին: ԱՄՆ-ում տեխնոլոգիական ընկերությունների մեծամասնությունում կա բիզնեսի զարգացման համար պատասխանատու: Խորհուրդ եմ տալիս թիմում ունենալ այդպիսի մարդ, որը կներկայացնի ձեր լուծումն աշխարհին եւ միշտ ավելի հեռուն կնայի:
- Ինչպե՞ս զարգացնել բիոտեխնոլոգիական ոլորտը Հայաստանում: Ինչպիսի՞ միջավայր պետք է ստեղծվի։
- Հայաստանում կենսաբանության եւ քիմիայի ամենամեծ խնդիրներից մեկը գործիքակազմի բացակայությունն է: Փաստացի կիրառություններ անելու համար շատ գործիքներ չկան, այդ թվում՝ բուհերում։ Պատճառն այն է, որ դրանք շատ թանկ են: Սովորական կենսաբանական լաբորատորիա ստեղծելու համար անհրաժեշտ է 3-ից 5 միլիոն դոլար:
Հայաստանում կենսատեխնոլոգիական ընկերության համար հետազոտության մեջ ներդրում կատարելը մեծ ռիսկ է։ Որպեսզի Հայաստանում ոլորտը զարգանա, անհրաժեշտ է ունենալ ընդհանուր ենթակառուցվածք:
FAST հիմնադրամն աշխատում է Հայաստանում Life Science Icubator-ի գործարկման վրա, որը կօգնի կենսատեխնոլոգիական ընկերություններին դուրս գալ եվրոպական կամ ամերիկյան շուկա։ eLabNext-ը աջակցում է Life Science incubator-ին՝ մեր արտադրանքով, փորձով, հնարավորություններով եւ մեր մենտորությամբ, գիտելիքներով։
- Ի՞նչ համաշխարհային միտումներ եք տեսնում կենսատեխնոլոգիայի ոլորտում։
- Ամենամեծ միտումը անհատականացված բժշկությունն է: Երբ խոսքը վերաբերում է կոնկրետ հիվանդություններին, ապա անհատականացված բժշկություն ունենալն այն է, ինչը կարող է փրկել աշխարհը։ Օրինակ՝ արյան անալիզ եք հանձնում, այնուհետեւ ստանում եք հատուկ ձեզ համար ստեղծված դեղերի կոկտեյլ: Դրա ամենամեծ օրինակներից մեկը Gut Microbiome արդյունաբերությունն է: Սնունդը, սովորությունները, սթրեսները, որով դուք ապրում եք եւ այլն, ազդում են ձեր տեսքի, զգացողության եւ փոխազդեցության վրա՝ կախված ձեր ունեցած խնդիրներից:
Անհատականացված բժշկության մեջ շատ ներդրումներ են արվում: Աշխարհում կան շատ ընկերություններ, որոնք կենտրոնացած են դրա վրա:
Զարեհ Զուրաբյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը