14:10 | 21.02.22 | Նորություններ | 1328

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ եւս մեկ ընտանիքի տուն է կառուցվել

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ վագոն-տնակից մարդկանց հանելու հերթական նախաձեռնության շնորհիվ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում բնակվող Հակոբյանների ընտանիքը բնակվում է նոր կառուցված տանը։

Ընտանիքը 25 տարի ապրել է մետաղյա վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Արթուրը, հինգ տարի առաջ շինարարություն է նախաձեռնել, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով չի կարողացել ավարտել այն: Հակոբյաններին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպությունները: Կիսակառույցը տուն է դարձել, իսկ վագոն-տնակը՝ խորդանոց։

«Յուրաքանչյուր հանդիպում որեւէ ընտանիքի հետ, մեզ համար ոչ թե հերթական է, այլ առանձնահատուկ. ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի, անցած բարդ ճանապարհը, ելք փնտրելու ձգտումը: Պատկերացնելն անգամ բարդ է, թե այս մարդիկ ինչպես են մի ամբողջ երիտասարդություն՝ 25 տարի, ապրել երկաթյա կաղապար հիշեցնող մի տարածքում, որը տնակ անվանելն անգամ տխուր է: Համոզված եմ, որ բնակարանաշինության ծրագիրը շատերի համար նոր կյանք սկսելու հնարավորություն է ստեղծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր է լուծել 87 ընտանիք: Ամփոփելով տասնամյա համագործակցության արդյունքները՝ այդ թիվը մոտենում է 400-ի: