14:24 | 09.08.21 | Նորություններ | 1745

Ռալֆ Յիրիկյան․ Մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում

Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած «Buissup» կոնֆերանսին մասնակցող մոտ 300 երիտասարդի ներկայացրել է ընկերության հաջողության գաղտնիքները, հիմնադրման եւ անցած ուղու պատմությունը:
 
Նա նշել է, որ հայաստանյան շուկայում հեռահաղորդակցության եւ թվային համալիր ծառայություններ մատուցելու 16 տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է մի շարք հաջողություններ, հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ ու օրինակելի ընկերություն:
 
«Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
 
Նա նշել է, որ 2020 թվականին՝ COVID-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ, փոխվեց Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ տարբերանշանը՝ շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը:

«Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում եւ առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային գործիքներ, կորպորատիվ լուծումներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար աշխատանքի համար նախատեսված լուծումները»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:
 
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատար տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում:

«Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում: Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարեւոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարեւորությունը երկրի տնտեսության համար եւ առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
 
Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով եւ գիտելիքով ոգեւորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել եւ միշտ փորձել լինել նորարար:
 
«Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարեւոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն եւ հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը: