17:24 | 05.08.21 | Նորություններ | 6319
Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բնակարանաշինության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքում բնակվող Գալստյանների երիտասարդ ընտանիքին աջակցել են քարե տուն կառուցելու աշխատանքն ավարտին հասցնել:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ թեեւ տան կառուցման ժամանակահատվածն առանձնապես բարեհաջող չի եղել, սակայն գործընկեր կազմակերպությունների աջակցությունն ու տանտերերի համառ ջանքերը ցանկալի արդյունք են տվել՝ Գալստյաններն այժմ ընդարձակ ու լուսավոր, քարե տան տեր են դարձել:
«Հոգով եւ մտքով հարուստ մարդը խնդիրները հաղթահարելու իր բանաձեւն ունի։ Նա դա անում է համբերատար, հավատով ու կամքով։ Համոզված եղեք, որ դուք այդ կամքն ու օրինակը փոխանցում եք ձեր զավակներին։ Հարյուրավոր խոսքերի փոխարեն` նրանք տեսնում են տունը շենացնելու եւ հայրենիքը սիրելու գործնական օրինակներ։ Դժվար օրերն արդեն անցյալում են։ Նոր նպատակներ սահմանեք եւ նույն վճռականությամբ իրագործեք դրանք»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այն վիճակը, որը տեսել ենք առաջին այցելության ժամանակ եւ հիմա՝ անհամեմատելի է: Հողե պատեր կային, ամբողջ ընտանիքը մեկ սենյակում էր հավաքվել: Այժմ ամբողջովին այլ պատկեր է: Հին՝ խոնավ ու հողաշեն սենյակից ոչինչ չի մնացել: Հիմա ընտանիքն ապրում է կոմունալ հարմարություններով, ընդարձակ ու լուսավոր տան մեջ: Թեեւ համավարակը զգալի ազդեցություն ունեցավ մեր ծրագրերի ընթացքի վրա, սակայն ընդհանուր առմամբ՝ հաջողեցինք: Բոլորս գիտակցում էինք, որ պետք է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Միասին՝ հաջողեցինք», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են գրանցում հանրապետության տարբեր մարզերում: Գործակցող կողմերն ընթացիկ տարում նախատեսում են տան երազանքն իրականություն դարձնել 84 ընտանիքի համար: Շահառուների ցանկում կան այնպիսի ընտանիքներ, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ: