«Դիջիթեյն» ընկերության մեկնարկած M1TQ ստարտափ ինկուբատորը Դեմո օրով ամփոփել է գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափերի համար 12-շաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը եւ դրամաշնորհներ տրամադրել մասնակից թիմերից երեքին:
Ծրագիրն իրականացվում է «DigiTown» նախագծի շրջանակներում՝ Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:
photo © Մեդիամաքս
M1TQ ինկուբացիոն ծրագրի պատասխանատու Մարիամ Փաշինյանն
Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ այս շաբաթների ընթացքում հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներ են կազմակերպվել ստարտափերի համար՝ շուկայում նրանց աճն ու զարգացումն ապահովելու նպատակով:
«Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափերը ստացել են աշխատանքային տարածք, անհրաժեշտ սարքավորումներ՝ «Դիջիթեյն»-ի գրասենյակում 24-ժամյա աշխատանքի համար: Նրանք սովորել են իրենց նախատիպը ճիշտ ձեւավորել, բիզնես մոդելն ամրապնդել, վաճառքի, ներդրողների հետ հարաբերությունների դասընթացներ են անցել»,- նշել է նա:
Մարիամ Փաշինյանը
photo © Մեդիամաքս
M1TQ ինկուբացիոն ծրագրին մասնակցած 8 ստարտափ թիմերը՝ AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai, Դեմո օրվա ընթացքում հնարավորություն են ունեցել իրենց գաղափարները ներկայացնել վենչուրային կապիտալիստներին, ներդրողներին եւ ոլորտի առաջատարներին:
«Դեմո օրվա միջոցով կփորձենք ստարտափերի տեսանելիությունը շուկայում բարձրացնել, իսկ հետագայում՝ կապել ներդրողների հետ եւ արդյունավետ համագործակցություն ստեղծել նրանց համար», - ասել է Մարիամ Փաշինյանը:
photo © Մեդիամաքս
Ծրագրի ամփոփման օրը ժյուրիի անցկացրած քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած ստարտափերից երկուսը՝ Medea-ն եւ Prekog.ai-ն արժանացել են 2000-ական դոլար դրամաշնորհի, իսկ Armbionics-ը գլխավոր մրցանակին՝ 10 000 դոլարի:
Արմեն Օրուջյանը
photo © Մեդիամաքս
Ժյուրիի կազմում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Դիջիթեյն» ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
photo © Մեդիամաքս
Վերին վերջույթների պրոթեզավորման տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող Armbionics-ը արդեն մի քանի պրոդուկտների հեղինակ է. միոէլեկտրիկ պրոթեզ, որը կառավարվում է մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով, մեխանիկական պրոթեզ՝ հոդերի շարժման միջոցով կառավարվող եւ մասնակի ձեռքի պրոթեզ՝ նախատեսված ամպուտացված մատների համար:
Մարինա Դավթյանը
photo © Մեդիամաքս
«M1TQ -ն իր խորությամբ բավականին տարբերվում էր մնացած ինկուբացիոն ծրագրերից: 12 շաբաթը մեզ ժամանակ տվեց հագեցած դասախոսություններ լսելու, ինչպես նաեւ առանձին սեսիաներ ունենալ դասախոսների հետ, որոնք օգնեցին մեզ զարգացնել ինչպես բիզնես կողմը, այնպես էլ տեխնոլոգիական մասը»,- ասել է Armbionics-ի համահիմնադիր Մարինա Դավթյանը՝ նշելով, որ դրամաշնորհային գումարը կօգտագործեն իրենց նախագծերի տեխնոլոգիական զարգացման համար:
Մրցանակակիր մյուս երկու ստարտափերից Medea-ն առողջապահության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկող նախագծերի մշակմամբ, իսկ Prekog.ai-ը՝ զբաղվում է արհեստական բանականության վրա հիմնված կրիպտոարժույթի ավտոմատացված համակարգով:
photo © Մեդիամաքս
Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտում «Դիջիթեյն»-ի կողմից իրականացվող նախագծերին՝ ընկերության մարկետինգային նախագծերի ղեկավար Մանանա Հովակիմյանը նշել է. «Դիջիթեյն ընկերությունն իր պարտքն է համարում զարգացնելու տեխնոլոգիական ոլորտը, էկոհամակարգը, որի շրջանակում էլ նախագծվեց «DigiTown» նախագիծը: Դրա առաջին բաղադրիչը «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն էր։ Երկրորդ բաղադրիչը DownTown ակադեմիան է, որը հնարավորություն է ընձեռում անվճար ստանալու տեխնոլոգիական կրթություն, իսկ լավագույնները հնարավորություն են ունենալու աշխատանքի ընդունվելու «Դիջիթեյն» ընկերությունում»:
Մանանա Հովակիմյանը
photo © Մեդիամաքս
Մանանա Հովակիմյանը հայտնել է, որ առաջիկայում կկառուցվի «DigiTown» նախագծի երրորդ մասնաշենքը։ 50 հազար քմ. տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը նախատեսված է լինելու 5000 հոգու համար, որտեղ կտեղակայվի ներդրումային ֆոնդ, կգործեն աքսելերացիոն եւ ինկուբացիոն ծրագրերը, կտրամադրվեն տարածքներ միջազգային ընկերություններին, ստարտափներին եւ այլն։
Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի