Հուլիսի 3-ից 5-ը Արցախում անցկացվել էր տեխնոլոգիական շաբաթ, որի շրջանակում տեղի էր ունեցել նաեւ հակաթոն: Դրա նպատակն էր մասնագետներին համախմբել Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ ստեղծելու գաղափարի շուրջ:
Itel.am-ը ներկայացնում է կատարված աշխատանքն ու ծրագրի հեռանկարը:
Գիշեր-ցերեկ աշխատանք
Հակաթոն կոչվող միջոցառումներում սովորաբար մեկ տեղում են հավաքվում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների փորձագետներ (ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ) եւ համատեղ աշխատում որեւէ խնդրի լուծման ուղղությամբ։ Artsakh Tech Week-ի շրջանակում իրականացված հակաթոնն ուղղված էր Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի մշակմանն ու ներդրմանը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում տվյալների հավաքագրման եւ մշակման, պետական մարմինների ու քաղաքացիների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով։
photo © Մեդիամաքս
Հակաթոնի կազմակերպիչ Տաթեւիկ Թովմասյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվել են Հայաստանից եւ Արցախից շուրջ 20 երիտասարդներ, որոնց շարքում էին ինչպես առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այնպես էլ կամավորներ:
«Միմյանց հետ ծանոթանալուց ու աշխատանքի բաժանում կատարելուց հետո երեք օր գիշեր-ցերեկ թիմն աշխատել է Արցախի բնակիչների, համայնքային տնտեսությունների, մշակութային վայրերի եւ այլ տեղեկատվության թվայնացման ուղղությամբ: Ամբողջությամբ կարողացել ենք ստանալ Backend եւ Database համակարգը: Հիմքում Airtable համակարգն է, որի տրամադրած հնարավորություններն օգտագործել ենք Backend-ը ստեղծելու համար: Բավականին լավ աշխատել են դիզայներները եւ ստացել հետաքրքիր UI/UX դիզայն:
Տաթեւիկ Թովմասյանը
photo © Մեդիամաքս
Զուգահեռաբար մեր ծրագրավորողների թիմը կարողացել է կատարել հիմնական առաջադրանքը ու ամենագլխավոր կետերը ստեղծել: Թիմում ունեինք նաեւ նախագծի կառավարիչներ, որ հասցրին մշակել ունեցանք backlog ամբողջ ծրագրի համար»,- մանրամասնել է նա:
Կառավարություն-համայնք գործակցությունԱրցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը լավագույն արդյունք է համարում այն, որ հնարավոր դարձավ անհատներին ներգրավվել կառավարության կարիքների բավարարման աշխատանքներում:
«Բնական է, որ 3 օրվա աշխատանքով հնարավոր չէ ստանալ ամբողջական պրոդուկտ, սակայն թիմին հաջողվեց ստեղծել համակարգի նախագծային տարբերակը, որում ներառված գործառույթների 5-10%-ն արդեն իրականացվել է: Կարող ենք ասել, որ արդեն այս պահին առկա տարբերակը կարող է որոշակիորեն կիրառվել նախարարության կողմից: Բացի այդ, 3 օրերի ընթացքում թիմը կարողացավ նաեւ բավականին բարդ ձեւակերպված խնդիրը բաժանել փոքր առաջադրանքների, որոնք հետագայում կարող են վերապատվիրվել տեղական, թեկուզ ոչ այդքան փորձառու ընկերությունների՝ այդպիսով ամբողջացնելով նախագիծը»,- նշել է նա:
photo © Մեդիամաքս
Սմբատ Պետրոսյանը հավելել է, որ իրենց առջեւ խնդիր էին դրել նաեւ փորձարկելու կառավարության կարիքների եւ տեխնոլոգիական համայնքի համագործակցության մոդելը:
«Այս համագործակցությունը կարող ենք հաջողված համարել, որովհետեւ հակաթոնի մասնակիցները պահանջում են ծրագրի շարունակականություն, որպեսզի առաջիկայում եւս կարողանան իրենց ներդրումն ունենալ կառավարության կարիքների բավարարման աշխատանքներում: Սա քրաուդսորսինգի լավ օրինակ է, որում մոտիվացված մասնագետները ներդնում են իրենց ջանքերն ու ժամանակը՝ իրականացնելով սոցիալական պատասխանատվություն:
Սմբատ Պետրոսյանը
photo © Մեդիամաքս
Նման ծրագրերը նաեւ քաղաքացու հասունացման եւ ներգրավվածության ապահովման գործիք կարող են դառնալ, քանի որ փորձագետները կառավարությունում տեղի ունեցող գործընթացների ավտոմատացման համար ներսից ծանոթանում են ամբողջ աշխատանքին»,- մանրամասնել է նա:
Սկսնակ մասնագետների ներգրավվումՍտեփանակերտցի 22-ամյա Մարատ Հակոբջանյանը, որ ինքնուս ծրագրավորող է, եւս որոշել էր մասնակցել հակաթոնին: Այս գործընթացում նրա աշխատանքը Front-end development-ն էր:
Մարատ Հակոբջանյանը
photo © Մեդիամաքս
«Իմ խնդիրներից մեկը միջերեսի (interface)-ի կառուցումն էր: Կարելի էր ավելի արդյունավետ աշխատել, եթե թիմը կենտրոնանար պարզ լուծումների մշակման ուղղությամբ եւ չփորձեր բարդացնել խնդիրը, քանի որ իմ կարծիքով, եռօրյա ժամկետում մեզ պետք էր նվազագույն հնարավորություններով աշխատող համակարգ մշակել: Ընդհանուր առմամբ, թիմի հետ աշխատելը շատ հեշտ էր: Սա ինձ համար մեծ փորձ էր, քանի որ նախկինում նման բազմաքանակ անդամներով թիմում չեմ եղել»,- պատմել է նա:
Գայանե Ենոքյան