17:33 | 13.07.21 | Հոդվածներ | exclusive 6362

10 ծրագիր` 3D մոդելավորման համար

Եռաչափ մոդելավորումը վիրտուալ մոդելներ ստեղծելու գործընթաց է, որը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ ցուցադրել տվյալ օբյեկտի ձեւը, արտաքին տեսքը, չափսերը եւ այլ պարամետրեր։ Itel.am-ը ներկայացնում է 10 ծրագրեր, որոնք օգտագործվում են 3D մոդելավորման նպատակով:

Եռաչափ մոդելավորումը համակարգչային ծրագրի միջոցով 3D նկար կամ գրաֆիկա ստանալու գործընթաց է։ Ժամանակակից համակարգչային գրաֆիկան հնարավորություն է տալիս ստեղծելու իրականին շատ մոտ պատկերներ՝ խլելով շատ ավելի քիչ ժամանակ, քան հենց իրական տարածական մոդելի ստեղծումը։

Կան մի շարք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է եռաչափ մոդելներ ստանալ՝ ըստ կիրառության ոլորտի։ Վերջինս պայմանավորված է տվյալ ծրագրում համապատասխան գործիքակազմի ավելի մեծ շեշտադրությամբ։ Օրինակ՝ ճարտարագիտական եւ ճարտարապետական նպատակով եռաչափ մոդելներ պատրաստելու համար կիրառվում են Cad տեսակի ծրագրերը (AutoCad, FreeCad, OpensCad, ArchiCad, TinkerCad), ինչպես նաեւ SketchUp, Fusion 360, DesignSpark Mechanical եւ այլն։ Խաղերի, անիմացիաների եւ մուլտֆիլմերի կերպարներ ստեղծելու համար հիմնականում օգտագործվում են 3D Max, Blender, Maya, Cinema 4D, Zbrush, Houdini Core եւ այլ ծրագրեր, ոսկերչական նպատակով՝ Rhino, Keyshot եւ այլն։

photo © www.freecadweb.org


Դիտարկենք եռաչափ մոդելավորման մի քանի անվճար եւ վճարովի ծրագրեր՝ ըստ կիրառության ոլորտների:

1.FreeCad

Վերջին տարիներին լայն տարածում գտավ եռաչափ տպիչներով տպագրությունը, որը հնարավորություն տվեց նույնիսկ կենցաղում օգտագործվող կոտրված իրերի փոխարինող մոդելներ ստանալ եւ տպել։

Եռաչափ տպագրության համար, մասնավորապես տարածված են PLA եւ ABS տեսակի նյութերը։ ABS տեսակն ավելի ամուր է, սակայն տպելու ժամանակ թունավոր նյութեր է արտանետում, հետեւաբար ցանկալի է օդափոխվող տարածքում դրանով տպել, իսկ PLA տեսակը կարող է օգտագործվել նույնիսկ սնունդ պահելու համար անհրաժեշտ ամանները տպելու համար։

photo © www.freecadweb.org


Այս ոլորտի համար ամենապարզ եւ մատչելի ծրագրերից է համարվում FreeCad-ը, որն անվճար է: Համացանցում կարելի է լայնածավալ տեղեկատվություն եւ մի շարք տեսադասեր, որոնց միջոցով անգամ ոլորտի սկսնակները շատ կարճ ժամանակում կարող են տիրապետել ծրագիրն:

FreeCad-ն ունի մի քանի գործիքակազմ, որոնցից մեկը պարզագույն եռանկյունաչափական տարածական պատկերների միջոցով մոդելի ստացման համար է։ Մեկ այլ գործիքակազմի միջոցով էլ հնարավոր է երկչափ հարթությունում գծագրեր ստանալ, որն այնուհետեւ կարելի է վերածել տարածական պատկերի՝ բարձրություն տալով կամ որեւէ առանցքի շուրջ պտտելով։

photo © www.graphisoft.com


2.AutoCad

Այս ծրագիրն արդեն եռաչափ մոդելավորման ոլորտում հմտացածների համար է: Դրա օգտագործման ամսական վճարը 210 ԱՄՆ դոլար է:

Վերջին շրջանում AutoCad-ի մի քանի տարբերակներ թողարկվեցին, որոնցից յուրաքանչյուրի գործիքակազմը շեշտադրվեց կոնկրետ ոլորտի համար՝ ճարտարապետության, մեքենաշինության, ընդհանուր ինժեներական, քարտեզագծման, շենքերում խողովակների անցկացման եւ այլն:

photo © Կադր «Լուսնի պահապանը» մուլտֆիլմից


3.ArchiCad

ArchiCad-ն օգտագործվում է ճարտարապետության մեջ։ Դրա օգնությամբ հնարավոր է ստանալ շինության արտաքին եւ ներքին տեսքն ու դիզայնը։ Ծրագրում առկա են մի շարք պատրաստի օբյեկտների գրադարաններ, որոնք միանգամից հնարավոր է օգտագործել:

Ծրագրի օգնությամբ հնարավոր է մոդելավորել բնական լանդշաֆտներ, այգիներ, անտառներ եւ այլն։ Այն նաեւ հնարավորություն է տալիս երկչափ գծագրից ավտոմատ կերպով ստանալու եռաչափ մոդել։

photo © openscad.org


4.OpensCad

Այս ծրագիրը, թերեւս, ավելի քիչ հայտնի է եւ ըստ կիրառության՝ քչերին կարող է հետաքրքրել, որովհետեւ այն մոդելների ստացման համար օգտագործում է յուրահատուկ ձեւաչափ՝ ծրագրավորման հրամանների դաշտ։

OpensCad-ը կարող է հետաքրքիր լինել ծրագրավորողների համար։ Յուրաքանչյուր պատկերի ստացման համար անհրաժեշտ է մուտքագրել համապատասխան ծրագրավորման հրամանը եւ ստանալ պարզագույն եռանկյունաչափական տարածական պատկերներ՝ խորանարդ, գունդ, կոն, գլան եւ այլն: Պատկերների միավորումը, հատումն ու հանումը կատարվում է ծրագրավորման ֆունկցիաների օգնությամբ։

photo © www.tinkercad.com


5. TinkerCad

TinkerCad-ն օնլայն հարթակ է, որը հասանելի է բոլորին եւ հնարավորություն է տալիս հեշտությամբ մի շարք մոդելներ ստանալ: Ի տարբերություն մի շարք մոդելավորման ծրագրերի գործիքակազմի՝ այս հարթակում հնարավոր է stl ֆորմատի մոդելների հետ աշխատել, որն էլ TinkerCad-ի առանձնահատկություններից է։ Այն ունի նաեւ բլոկների միջոցով ծրագրավորման տիրույթ, որը նման է Scratch ծրագրին։

photo © Gal Yosef


6. 3D Max

Սա, թերեւս, ամենատարածված եւ հայտնի ծրագրերից է, որից կարող են օգտվել թե´ սկսնակները, թե´ փորձառու մասնագետները։ Ամսական վճարը կազմում է 205 ԱՄՆ դոլար, սակայն ունի 1 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով անվճար օգտագործման հնարավորություն:

3D Max-ը եզակի ծրագրերից է, որ հնարավոր է կիրառել ցանկացած նպատակով ։ Մասնավորապես օգտագործվում է ֆիլմերում, խաղերում եւ մուլտֆիլմերում կերպարներ կամ միջավայր ստանալու համար։ Ունի մի շարք նյութակազմվածքի տեսակներ (մետաղներ, փայտի տեսակներ, քարերի տեսակներ, ջուր եւ այլն), որոնց միջոցով մոդելի տեսքն էլ ավելի մանրակրկիտ եւ իրատեսական է դառնում։

photo © flickr.com


7. Maya

Այս ծրագրի ամսական վճարը կազմում է 205 ԱՄՆ դոլար։ Այս ծրագիրը ավելի շեշտադրված է խաղերի, ինչպես նաեւ անիմացիաների եւ ֆիլմերի ստեղծման ժամանակ մի շարք բարդ մոդելներով տեսարաններ ստանալու համար։

Ծրագրի հատուկ գործիքների եւ մոդուլներ շնորհիվ հնարավոր է ստանալ իրականին շատ մոտ ջրի ալիքներ, մազերի կամ հագուստի շարժում, փամփուշտի կրակելու ընթացք եւ այլն:

photo © Ashley A. Adams


8. Blender

Blender-ը յուրահատուկ է նրանով, որ անվճար է եւ ունի այնքան մեծ հնարավորություններ, որոնք կարող են օգտագործել թե´ սկսնակները, թե´ պրոֆեսիոնալները։

Այն կարող է օգտագործվել ինչպես պատկերի մոդելավորման, համապատասխան միջավայր ստանալու, այնպես էլ անիմացիա ստեղծելու եւ մոնտաժելու համար:

Չնայած իր բազում հնարավորություններին՝ այն զբաղեցնում է ընդամենը 200մբ հիշողություն։ Աշխատում է Python ծրագրավորման լեզով, ունի նաեւ Python հրահանգների տիրույթ, որի օգնությամբ հնարավոր է խաղի կերպարներ ստեղծել ու նրանց գործողություններն ավտոմատացնել:

photo © Rob McPherson


9. Zbrush

Այս ծրագրի գործիքակազմը շատ հարմար է քանդակագործների աշխատանքում, ինչպես նաեւ մարդկանց կամ կենդանիների կերպարներ ստանալու համար։ Zbrush-ով ստացված մոդելները կարելի է արտահանել եւ օգտագործել այլ ծրագրերում, քանի որ այն նախատեսված է միայն մոդելը ստանալու համար։ Ծրագրի ամսական արժեքը կազմում է 40 ԱՄՆ դոլար։

10. Rhino

Rhino-ն մեծ կիրառություն ունի ոսկերչության, մեքենաների մոդելավորման, ինչպես նաև նավաշինության մեջ։ Մոդելների արտահանման համար ունի մոտ 30-ից ավել ֆորմատի հնարավորություն: Սովորելու համար այդքան էլ բարդ չէ, բայց եւ այնպես, նախատեսված է պրոֆեսիոնալ գործունեության համար։

Գայանե Ենոքյան