19:21 | 27.05.21 | Հոդվածներ | exclusive 2428

Մորիս Ուիլկսի գաղափարները եւ «Նաիրի» ընտանիքի չորս սերունդները

«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որը DataArt տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասն է, պատմում է հայ էլեկտրոնային ինժեներների եւ XX դարի երկրորդ կեսին նրանց կողմից ստեղծված հաշվիչ տեխնիկայի մասին:

Itel.am-ի եւ DataArt-ի համագործակցության շնորհիվ «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր կայքում:

1960-ականներին ուրվագծվեցին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳԻ) գործունեության հիմնական ուղղությունները. միջին եւ փոքր ԷՀՄ-ներ, մեքենայական համալիրներ եւ ավտոմատացված համակարգեր՝ հիմնականում՝ հատուկ, ռազմական նպատակների համար: Եղան նաեւ քաղաքացիական նախագծեր. օրինակ՝ 1950-1960 թվականների սկզբին ինստիտուտը մշակեց «Մարդահամար» ԷՀՄ-ը, որը նախատեսված էր 1959թ. ԽՍՀՄ մարդահամարի տվյալների մշակման համար: Հայաստանում ստեղծված փոքր մեքենաների շարքում առանձնահատուկ տեղ ունեին Խորհրդային Միության տարածքում ամենատարածված «Նաիրի» ընտանիքի չորս սերունդները:

Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից

1961 թվականին, երբ ավարտվեց «Հրազդան»-ի գործարկումը, ինձ վստահեցին փոքր մեքենաների լաբորատորիան եւ նշանակեցին գլխավոր կոնստրուկտոր: Նախ ռադիոարդյունաբերության նախարարությունից ստացանք հրահանգ մշակել էլեկտրոնային արիֆմոմետր (հաշվեմեքենա), որը կկարողանա փոխարինել մեծ մեխանիկականը: Քանի որ ես արդեն ծանոթ էի անգլիացի գիտնական Մորիս Ուիլկսի գաղափարներին, միանգամից որոշեցի. սարքելու եմ միկրոծրագրային կառավարմամբ նորմալ մեքենա։

Ֆրանսիական CAB 500 մեքենան Ֆրանսիական CAB 500 մեքենան
photo © Museum.DataArt.com


1962 թ-ին Մոսկվայում հաշվիչ տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց ֆրանսիական փոքր CAB 500 հաջորդական գործողության մեքենան։ Դրա հիշողության համար օգտագործվել էր գերժամանակակից, սակայն բարդ եւ մեծածավալ մագնիսական թմբկագլան: Խորհրդային ռադիոարդյունաբերության նախարարությունը ձեռք էր բերել մեքենան, իսկ ԵրՄՄԳՀԻ-ին հանձնարարել էին կրկնօրինակել այն:

Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից

Մեր տեխնոլոգիաները սկզբունքորեն թույլ չէին տալիս դա անել, եւ իմ գաղափարն էլ բոլորովին այլ էր: Ես ուզում էի կառուցել միկրոծրագրավորման կառավարմամբ զուգահեռ գործողության մեքենա:

«Նաիրի»-ին զուգահեռ մշակվում էին եւս երկու մեքենաներ՝ «Մասիս -1»-ը եւ «Մաշտոց»-ը:

«Մասիս -1»-ը կիսահաղորդչային տարրերի հիման վրա կառուցված քիմիական եւ մետաղագործական ձեռնարկությունների համար կառավարիչ ԷՀՄ էր՝ արդեն տպագիր մոնտաժի եւ միասնականացված հանգույցների գերակշռությամբ: 1965 թվականին Երեւանում ռադիոարդյունաբերության նախարարությունը թողարկել էր մեքենայի համառոտ տեխնիկական նկարագիրը:

photo © Նորայր Չիլինգարյանի արխիվից


«Մաշտոց» ԷՀՄ-ը, որը նույնպես մշակվել էր ԵրՄՄԳՀԻ-ում, դարձել էր օպտիկական տեքստի ճանաչման գործառույթով ԽՍՀՄ առաջին մեքենան: Այն արտադրություն չէր մտել, սակայն երկու փորձնական օրինակ մատակարարվել էր ՊԱԿ-ի ստորաբաժանումներին՝ մեկը՝ Մոսկվայում, երկրորդը՝ Երեւանում: «Մաշտոց» ԷՀՄ-ի վրա աշխատելու ընթացքում նախագծի ղեկավար Էմիլ Հովհաննիսյանը պաշտպանեց թեկնածուական թեզ, իսկ 1964 թվականի դեկտեմբերի 24-ին Ավստրալիայի մտավոր սեփականության գործակալության կողմից ստացավ թիվ AU282771B2 արտոնագիրը «Տպագրական բնույթի հայտնաբերման մեթոդ» աշխատանքի համար: Բաց աղբյուրներում այս մեքենայի մասին այլ տեղեկություններ չկան, այդ մասին մեզ պատմել է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Էմիլ Հովհաննիսյանի որդին՝ Սարգիսը:

Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից

Մշակումը սկսեցինք 1961 թվականին եւ 1964 թվականին կարողացանք ներկայացնել «Նաիրի-1»-ը` ինքնատիպ կառուցվածքով փոքր մեքենան: Այն արտոնագրվել էր չորս երկրներում ՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում:

Ռադիոարդյունաբերության նախարարությունը սկզբում հավանություն չէր տվել նախատեսված կլոնի փոխարեն հիմնովին նոր ԷՀՄ-ի նախագծին, եւ Հրաչյա Հովսեփյանի խումբը դրանով զբաղվում էր գաղտնի: Այնուամենայնիվ, երբ մեքենան գրեթե պատրաստ էր, մշակումը ցույց տվեցին պաշտոնյաներին, որոնք թույլ տվեցին, որ այն անցնի պետական փորձարկումներ: Պետական հանձնաժողովը «կանաչ լույս» տվեց «Նաիրի»-ի սերիական արտադրությանը: Արդեն 1965-ի հունվարին ընդամենը մեկ շաբաթում Կազանի գործարանում ավարտվեց մեքենայի գործարկումը. «Նաիրի-1»-ի արտադրությունն այնտեղ սկսվեց նույնիսկ ավելի շուտ, քան ԵրՄՄԳՀԻ-ի փորձարկման գործարանում:

photo © Նորայր Չիլինգարյանի արխիվից


1965-1970 թվականներին արտադրվել էր մոտ 500 «Նաիրի-1» ԷՀՄ, ստեղծվել էին մեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ` ավելացված օպերատիվ հիշողությամբ, ժապավենային պերֆորատորով, որպես մուտքագրման սարքավորում չեխական Consul-254 գրամեքենայով։ 1966 թվականին Հրաչյա Հովսեփյանը ներկայացրեց «Նաիրի -2»-ի նոր մոդելը՝ ֆերիտային օղակների վրա ավելացված ծավալով հիշողությամբ:

photo © Ա. Մալիցկի


1960-ականների վերջին փոքր երեւանյան մեքենաներով հետաքրքրվեց Զելենոգրադը։ Այնտեղ՝ «Միկրոն» գործարանում, արդեն արտադրում էին տիեզերական եւ ռազմական նախագծերի համար ինտեգրալային սխեմաներ, բայց ճանապարհ էին  փնտրում սովետական շուկայի համար նոր տեխնոլոգիայի մեծաքանակ ներդրման համար: Ռազմաօդային ուժերի գաղտնի մշակումների հետ կապված Էլեկտրոնային մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԷՄՄԳԻ) գլխավոր ճարտարագետ Անատոլի Լազարեւը առաջարկեց ԵրՄՄԳՀԻ-ին ստեղծել «Նաիրի» ընտանիքի նոր մոդել՝ ինտեգրալային շղթաների հիման վրա:

Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից

«Նաիրի-3»-ի հիշողությունը կարող էր պահել մինչեւ 128 հազար հասցե՝ մեծ արագությամբ: Աշխարհում առաջիններից էինք, ով կարողացավ կիրառել մի քանի մեքենայական լեզուների էմուլյացիայի լիարժեք ընդօրինակելու մեթոդներ եւ  օգտագործեցինք այլ մեքենաների, օրինակ ՝ «Մինսկ -22»-ի համար ստեղծված ծրագրային ապահովման հարուստ բազան: Հատուկ դրա համար ստեղծվել էր «Նաիրի-3-1» մոդիֆիկացիան:

Ճկուն կառուցվածքը հնարավորություն էր տալիս մեքենայի նոր մոդիֆիկացիաներ ստեղծել՝ համեմատաբար հեշտ հարմարեցնելով այն հատուկ խնդիրներ լուծելու համար: Դրանցից մեկը՝ «Նաիրի-3-2»-ը, ներդրել էր ժամանակի բաշխման համակարգ, որին հնարավոր էր միացնել մինչեւ 128 տելետայփ սարքեր` յուրաքանչյուր օպերատորին ապահովելով մեկ «Նաիրի -2» ԷՀՄ-ին հավասար հաշվողական հնարավորություններ: Մեքենայի պատվիրատուներ պետք է դառնային ուսումնական հաստատությունները եւ խոշոր գործարանները:

photo © Museum.DataArt.com


1974 թվականին սկսվեց «Նաիրի-4» նախագծի աշխատանքը: Դա արդեն ոչ թե պարզապես ԷՀՄ էր, այլ «ունիվերսալ հաշվիչ հնարավորությունների համալիր» (ՈՒՀՀՀ): Համակարգը ի սկզբանե բաժանել էին մոդուլների, որոնցից կարելի էր հավաքել ցանկալի կազմաձեւման մեքենա: Որպես էլեմենտային հիմք օգտագործվել էին մեծ եւ գերխոշոր ինտեգրալային միկրոսխեմաներ, ինչը հնարավորություն էր տվել նվազեցնել չափը եւ պարզեցնել վերջնական սարքի հավաքումը:

Հրաչյա Հովսեփյան՝ «Նաիրի» փոքր ԷՀՄ-ների գլխավոր կոնստրուկտոր, «Հրազդան» ԷՀՄ-ի մշակման մասնակից

1970-ականների կեսերին մենք բաց թողեցինք լայն սպառողական արտադրության համար «Նաիրի-4» սարքելու տարբերակը: Այսինքն` այդպես էլ չմշակեցինք մեր տեղական անհատական համակարգիչը: Ենթադրվում էր, որ որպես մոդել պետք է ծառայեր հեռուստացույցի իրանի մեջ հավաքված «Նաիրի-4» պրոցեսորը, որի մակետն արդեն պատրաստ էր եւ երկար ժամանակ դրված էր տնօրենի գրասենյակում:

Սակայն Հրաչյա Հովսեփյանը չկարողացավ ավարտին հասցնել նախագիծը. 1976 թվականին, երբ հայ հայրենադարձներին թույլատրվեց մեկնել արտասահման, նրա մայրն ու եղբայրները որոշեցին լքել ԽՍՀՄ-ը: Պաշտպանության ոլորտի համար խոշոր պատվերներ կատարող ինստիտուտում աշխատող հայտնի գիտնականի հարազատներին չէին թույլատրում դուրս գալ երկրից: Հովսեփյանը դժվար որոշում կայացրեց. «իր ցանկությամբ» դիմում գրեց եւ կարիերայի գագաթնակետին հեռացավ ԵրՄՄԳՀԻ-ից:

Հրաչյա Հովսեփյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Մոսկվայում 1984 թվականին Հրաչյա Հովսեփյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Մոսկվայում 1984 թվականին
photo © Museum.DataArt.com


Հեռանալուց հետո Հրաչյա Հովսեփյանը կնոջ եւ երեխաների հետ տեղափոխվեց Մոսկվա. այնտեղ դասավանդում էր համալսարանում եւ աշխատում Գիտությունների ակադեմիայում: Սակայն գիտական հաստատությունները փակվեցին նրա համար, երբ եղբայրներից մեկն առանց նախազգուշացման նրան արտասահման մեկնելու պաշտոնական հիմք հանդիսացող հրավեր ուղարկեց: 1984 թվականին պորտաբուծության համար քրեական հետապնդման սպառնալիքի տակ Հրաչյա Հովսեփյանը հնոցապանի աշխատանք ստացավ մոսկովյան բարձրահարկ շենքերից մեկում, փորձեց լքել ԽՍՀՄ-ը, սակայն նրան թույլ չեն տալիս դա անել: 1988-ին սկսեց ակտիվ պայքարը երկիրը լքելու իրավունքի համար, դիմեց օտարերկրյա դեսպանություններին եւ նույնիսկ հացադուլ հայտարարեց. այդ մասին պատմում էին ամերիկյան հեռուստատեսությամբ: Հովսեփյանի ճակատագրի հարցը Ռոնալդ Ռեյգանի կողմից Միխայիլ Գորբաչովի հետ հանդիպմանը բարձրացնելուց հետո նրան ու եւս մեկ տասնյակ «հրաժարվածներին» թույլ տվեցին մեկնել Միացյալ Նահանգներ:

Կարդացեք նաեւ՝ 28-ամյա Սերգեյ Մերգելյանը եւ ԵրՄՄԳՀԻ ծնունդը

Կարդացեք նաեւ՝ Հայկական առաջին համակարգիչները՝ «Արագածը», «Հրազդանը», «Երեւանը», «Գառնին»

Շարունակելի: