11:39 | 22.05.21 | Հոդվածներ | exclusive 3595

ՏՏ ոլորտի ոչ ՏՏ մասնագետները. Աննա Խաչատրյան (CodeRiders)

Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորողներով չի սահմանափակվում, ու այստեղ բոլորը չէ, որ ունեն տեխնիկական կրթություն: Ծրագրավորման ցանկացած ընկերություն կարիք ունի նաեւ այլ մասնագետների, որոնք ապահովում են ընթացիկ կարեւոր գործերն ու ընկերության զարգացումը:

Itel.am-ը որոշել է բացահայտել ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ ոչ ՏՏ մասնագետներին ու հետաքրքրվել նրանց աշխատանքի մանրամասներով:

27-ամյա Աննա Խաչատրյանը CodeRiders ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատուն է: Արդեն վեց տարի է՝ Աննան աշխատում է ՏՏ ոլորտում, կրթությամբ լեզվաբան-լրագրող է:

Սկզբում որպես ադմինիստրատիվ աշխատող

Սովորել եմ լեզվաբանություն եւ լրագրություն Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, սովորելու տարիներին կարճ ժամանակ աշխատել եմ որպես լրագրող: 2015 թվականից հնարավորություն եմ ունեցել զբաղվել PR-ով Հայաստանում գործող ֆիլմարտադրող ընկերություններից մեկում ու հենց այդ ժամանակվանից էլ սկսել եմ հետաքրքրվել նաեւ մարքեթինգով:

Ֆիլմարտադրող ընկերությունում մեկ տարի աշխատելուց հետո պատրաստվում էի աշխատանքս փոխել, տասնյակ ընկերությունների էի դիմում շատ տարբեր հաստիքների համար: Առաջարկ ստացա ՏՏ ոլորտում գործող մի ընկերությունում աշխատել որպես ադմինիստրատիվ աշխատող, այդ ընկերությանն անգլերենին լավ տիրապետող մասնագետ էր պետք, որ շփվեր հաճախորդների հետ:

Աննա Խաչատրյանը Աննա Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Ադմինիստրատիվ գործին զուգահեռ ընկերությունում նկատվեց, որ հետաքրքրված եմ նաեւ թվային մարքեթինգով ու ինձ ժամանակ տրվեց, որ խորանամ այդ մասնագիտության մեջ ու ինքնուրույն սովորեմ: Կրթությունս ընդհանրապես կապ չուներ մարքեթինգի հետ, պարզապես նստել եմ համակարգչի առջեւ ու Google-ի հետ սովորել, փնտրել այն, ինչ չգիտեմ, մասնակցել որոշ օնլայն դասընթացների, հարցրել գործընկերներիս ու մասնագետների: Այս դեպքում ինձ նաեւ շատ օգնել է անգլերենի իմացությունը, որովհետեւ թվային մարքեթինգի վերաբերյալ հայերեն գրականություն գրեթե չկա կամ շատ քիչ է։

Վախենալու չէ

Երբ ավելի մեծ սերնդի մարդիկ, որ տեղյակ չեն իմ մասնագիտությունից, իմանում են՝ ծրագրավորման ընկերությունում եմ աշխատում, կարծում են՝ ծրագրավորող եմ:

Շատերն էլ ակնկալում են, որ իմանամ՝ ինչպես են Skype-ը «դզում» կամ հեռախոսի մեջ Viber «գցում», մինչդեռ դա նույնիսկ ծրագրավորողից չպետք է ակնկալել։

Մի շարք երիտասարդներ էլ այսօր խուսափում են այս ոլորտ մտնել, քանի որ կարծում են՝ գործը շատ տեխնիկական է ու պարտադիր պետք է ծրագրավորող լինել: Ես նույնպես, եթե այն ժամանակ չմտնեի ՏՏ ոլորտ, հնարավոր է հիմա նույն պատկերացնումներն ունենայի ու չհամարձակվեի որպես մարքեթոլոգ դիմել:

photo © Մեդիամաքս


Այնինչ կարելի է միշտ փորձել. չէ՞ որ այստեղ հնարավորություններն այնքան մեծ են, որ եթե մեկ այլ հաստիքով սկսես, կարող ես ժամանակի ընթացքում փոխել գործդ ու քեզ ավելի հարմար ուղղություն ընտրել: Իմ օրինակը հենց այդպիսին էր:

Ծայրահեղությունից ծայրահեղություն

Ֆիլմարտադրող ընկերությունից անցումը ծրագրավորման ընկերություն բավականին կտրուկ էր. առաջինը ստեղծագործ ընկերություն էր, որտեղ ես ազատ էի աշխատանքում, նույնիսկ ժամային սահմանափակում չունեի, իսկ ծրագրավորման ընկերությունում ես աշխատում եմ համակարգչի առջեւ ու օրվա մեծ մասը շփվում ծրագրավորողների հետ:

photo © Մեդիամաքս


Օրինակ՝ ծրագրավորվողներն առօրյա խոսքում շատ հաճախ այնպիսի տերմիններ են օգտագործում, որ լսելիս քեզ այլմոլորակային ես զգում ու ամեն անգամ համացանցում փնտրում ես, թե այդ բառն ինչ է նշանակում: Հետաքրքիր է, որ տարիներ անց ես նույնպես այդ բառապաշարով եմ խոսում հիմա ու կդժվարանամ նույնիսկ մեկ անծանոթ տերմինի օրինակ բերել:

photo © Մեդիամաքս


Մինչեւ այս ոլորտ մտնելը ինձ նույնպես թվում էր, որ բոլոր ծրագրավորողներն անխտիր մաթեմատիկական կրթություն ունեն, օրական ամենաքիչը ինը ժամ համակարգչի առջեւ նստած աշխատում են, ոչ ուտում, ոչ խմում են… Բայց երբ սկսում ես նրանց հետ աշխատել, հասկանում ես՝ ծրագրավորողն էլ նույնն է, ինչ դու, ընդամենը նրա հմտություններն են ուրիշ: Ու այնպես չէ, որ բոլորն անխտիր ամբողջ օրը համակարգչին կպած աշխատում են կամ մաթեմատիկայից են սկսել:

Բոլորն են կարեւոր

Ավելի քան երեք տարի է՝ աշխատում եմ CodeRiders ընկերությունում, ընդունվել եմ որպես բիզնեսի զարգացման պատասխանատու, մինչ այդ ոլորտի այլ ընկերություններում եղել թվային մարքեթինգի մասնագետ եւ մարքեթինգի բաժնի ղեկավար:

CodeRiders-ը արտասահմանյան տարբեր ընկերությունների ծրագրային ապահովում մատուցող ընկերություն է: Ներկայում իմ գործն իր մեջ ներառում է թե հաճախորդների հետ հաղորդակցություն, հարաբերությունների պահպանում, զարգացում, թե թվային մարքեթինգ:

Նկատել եմ՝ ոլորտում հաճախ են ըստ կարեւորության դասում աշխատանքներն ու կարծում՝ ծրագրավորողի աշխատանքն ամենակարեւորն է: Բայց երբ ժամանակի ընթացքում տեսնում են, որ առանց մյուս մասնագետների ընկերությունում գործն առաջ չի գնում, հասկանում են, որ յուրաքանչյուրի դերն է կարեւոր:

photo © Մեդիամաքս


Ինչպես առանց ծրագրավորողի բիզնեսի զարգացման պատասխանատուն չի կարող գործ ունենալ, այդպես էլ առանց բիզնեսի զարգացման պատասխանատուի ծրագրավորողը չի կարող գործ ունենալ: Որպեսզի գործն առաջ գնա, պետք են հաճախորդների հետ հարաբերությունները պահպանող անձինք, պետք են մասնագետներ, որոնք նոր նախագծեր կկարողանան բերել:

Ոչ հեշտ է, ոչ դժվար

Սակայն, այնուամենայնիվ, ոլորտում արդյունավետ աշխատելու համար պետք է ձեռք բերել որոշակի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի լավ շփվել ծրագրավորողների հետ ու հասկանալ նրանց աշխատանքը:

Ես, օրինակ, գործիս զուգահեռ HTML, CSS եւ JavaScript տեխնոլոգիաներն եմ սովորել այնքանով, որ հասկանամ, թե ինչի մասին է խոսքը: Շատ բարդ մի պատկերացրեք, մակերեսային գիտելիքն անգամ բավարար է, որ հասկանաս, թե կայքերն ինչպես են ստեղծվում, ինչպես են աշխատում…

Աննա Խաչատրյանը Աննա Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Բացի այդ, այս ոլորտում լճացում գրեթե չի լինում. տեխնոլոգիան այնքան արագ է փոփոխվում, որ անընդհատ ինչ-որ նոր բան կա սովորելու: Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ դու պարզապես չես կարող նախորդ տարվա գիտելիքներով նույն տեղում մնալ, ինքդ պարտավոր ես սովորել ու աճել:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի