18:13 | 20.05.21 | Հոդվածներ | 2854

28-ամյա Սերգեյ Մերգելյանը եւ ԵրՄՄԳՀԻ ծնունդը

«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որը DataArt տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասն է, պատմում է հայ էլեկտրոնային ինժեներների եւ XX դարի երկրորդ կեսին նրանց կողմից ստեղծված հաշվիչ տեխնիկայի մասին:

1956 թվականին բացված Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳԻ) դարձել էր ԽՍՀՄ առաջին կազմակերպություններից մեկը, որն ի սկզբանե կենտրոնացած էր ԷՀՄ (էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ) մշակման վրա: ԵրՄՄԳՀԻ-ի ամենավաղ խոշոր նախագծերը շահագործման հանձնվեցին 1960-ականների սկզբին, հաջորդ 30 տարիների ընթացքում հայ կոնստրուկտորները նշանակալի դեր խաղացին Արեւելյան Եվրոպայում հաշվիչ տեխնիկայի զարգացման պատմության մեջ:

Երեւանում նախագծվում եւ հավաքվում էին գիտության եւ կրթության, արդյունաբերության եւ տրանսպորտի, կառավարման եւ պաշտպանության ոլորտների համար նոր մեքենաներ:

ԵրՄՄԳՀԻ-ի առավել ուշագրավ մշակումներից են «Նաիրի» ընտանիքի հաշվիչ մեքենաները, որոնց էվոլյուցիան գրեթե ավարտվեց խորհրդային լիարժեք անհատական օգտագործման համակարգչի (ԱOՀ) ստեղծմամբ. ԽՍՀՄ-ում երկաթուղային տոմսերի վաճառքի առաջին ավտոմատացված համակարգը, միջազգային ՄՀ ԷՀՄ (Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միասնական համակարգ)-ի առավել բալանսավորված մեքենան, ռազմավարական ավիացիայի հաշվիչ համակարգերը:

«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագիծը լուսաբանում է նրանց պատմությունը` հիմնվելով ոչ միայն բաց աղբյուրներից եւ հրապարակումներից, այլեւ ԵրՄՄԳՀԻ-ի նախկին աշխատակիցների` կոնստրուկտորների եւ մշակողների հետ հարցազրույցներից ստացված նյութերից:

Itel.am-ի եւ DataArt-ի համագործակցության շնորհիվ «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» նախագծի որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր կայքում:

Հայկական ԽՍՀ ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման նախագիծը

Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Յակով Զարոբյանը, ով զբաղեցնում էր ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության կենտկոմի արդյունաբերության գծով քարտուղարի պաշտոնը, գտնում էր, որ նոր տեխնոլոգիաների արագացված զարգացումը կարող է մեծ թվով աշխատատեղեր ապահովել՝ հումքի եւ էլեկտրաէներգիայի չափավոր ծախսով: Խիտ բնակեցված հանրապետության տնտեսության համար ժողովրդագրական աճի եւ օգտակար հանածոներով տարածքի համեմատաբար աղքատության պայմաններում էլեկտրոնային սարքերի արտադրությունը կարող էր իսկական փրկություն դառնալ:

Մշակված նախագիծը ուղարկվեց ԽՄԿԿ Կենտկոմ, եւ Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ Զարոբյանն առաջարկ ներկայացրեց Նիկիտա Խրուշչովին, որը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից եւ մտահոգված էր սովետական հաշվիչ տեխնիկայի հետամնացությամբ: Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման նոր կենտրոն դառնալու Հայաստանի օգտին փաստարկը գիտական եւ կրթական բազայի առկայությունն էր:

1956թ. հունիսի 29-ին ԽՄՀՄ Կենտկոմը եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեցին «Գիտահետազոտական ինստիտուտների (ԳՀԻ), նախագծային բյուրոների (ՆԲ) եւ գործիքաշինական գործարանների գործիքաշինության ինժեներական եւ ավտոմատացման սարքավորումների նախարարության կառուցվածքում կազմակերպման մասին» թիվ 897 որոշումը: Որոշման համաձայն, առաջիններից մեկը ստեղծվեց Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ), որի տնօրենը դարձավ 28-ամյա մաթեմատիկոս, ԽՍՀՄ պատմության մեջ գիտությունների ամենաերիտասարդ դոկտոր եւ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Մերգելյանը:

photo © Museum.DataArt.com


Ինստիտուտի ձեւավորման փուլում երիտասարդ Մերգելյանին մեծ օգնություն էին ցուցաբերել այն գիտնականները, ովքեր առաջարկել էին նրա թեկնածությունը տնօրենի պաշտոնի համար: Մասնավորապես, Մերգելյանի նախկին դասախոս Արտաշես Շահինյանն աշխատանքի էր ընդունում ԵրՄՄԳՀԻ-ի համար ընտրված մասնագետներին, իսկ Անդրոնիկ Իոսիֆյանը, ով նրան լավ էր ճանաչում Մոսկվայից, օգնում էր լրացուցիչ դասընթացների կազմակերպմամբ, մասնավորապես, իր ղեկավարած Էլեկտրամեխանիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ԷՄՀԳՀԻ) հիմքի վրա:

Հրաչյա Հովսեփյան, ԵրՄՄԳՀԻ առաջին աշխատակիցներից մեկը, «Հրազդան» եւ «Արագած» հաշվիչ մեքենաների մշակման մասնակից, «Նաիրի» չորս սերունդների փոքր հաշվիչ մեքենաների գլխավոր կոնստրուկտոր

«1954թ-ին ավարտեցի Երեւանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, մեկ տարի գյուղում ուսուցիչ աշխատեցի, մեկ տարի էլ` Ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ փորձ ձեռք բերեցի էլեկտրոնիկայի եւ ռադիոտեխնիկայի ոլորտներում:

Հետո հայտնվեցի մի քանի գիտնականների դասախոսությանը, որտեղ ակադեմիկոս Իոսիֆյանը խոսեց կիբեռնետիկայի մասին, որը Ստալինը անվանել էր «կեղծ գիտություն»: Այնտեղ իմացա, որ Սերգեյ Մերգելյանը դառնալու է Մաթեմատիկական մեքենաների նոր ինստիտուտի ղեկավար, եւ շատ ցանկացա աշխատել այնտեղ:

Ներքուստ վստահ էի, որ կարող եմ օգտակար լինել: Բայց ես նորեկ էի, ինչը շատ դժվարացրեց «փոստարկղ» աշխատանքի ընդունվելու խնդիրը: Խնդրեցի օգնել պրոֆեսոր ընկերոջս, ով աշխատում էր այնտեղ: Փոխտնօրենն ընդունելության ժամանակ ասաց, որ կարող է ինձ միայն որպես լաբորանտ վերցնել: Չնայած արդեն ունեի Ֆիզիկայի ինստիտուտում աշխատելու որոշակի փորձ, ստիպված էի համաձայնվել:

ԵրՄՄԳՀԻ-ն այն շրջանում ընդունում էր երիտասարդ տղաների, ովքեր արդեն ծանոթ էին հաշվիչ մեքենաներին: Նրանք գալիս էին ամբողջ Խորհրդային Միությունից, հիմնականում ՝ Մոսկվայից: Մերգելյանը շատ մտերիմ էր Խրուշչովի հետ, սակայն նրան օգնում էին նաեւ մյուսները, իհարկե՝ Միկոյանը, նաեւ որոշ գիտնականներ: Այդ ժամանակ մաթեմատիկայի դպրոցն արդեն շատ ուժեղ էր նաեւ Հայաստանում: Մերգելյանը առաջինն էր, եւ ես դրանից շատ էի տպավորվել»:

photo © Museum.DataArt.com


ԽՍՀՄ-ում «փոստարկղ» անվանում էին փակ հիմնարկները, որոնք աշխատում էին ռազմական եւ պաշտպանական արդյունաբերության համար: Աշխատանքի ընդունվելիս Հրաչյա Հովսեփյանի համար դժվարությունը նրա հայրենադարձ լինելն էր. Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նրա ընտանիքը Լիբանանից էր տեղափոխվել Հայաստան:

Ռադիկ Անանյան` ԵրՄՄԳՀԻ-ի առաջին աշխատակիցներից մեկը, «Արագած» ԷՀՄ-ի մշակման մասնակից

«ԵրՄՄԳՀԻ –ում աշխատանքի ընդունված աշխատակիցների մեծ մասն անմիջապես գործուղում էին պրակտիկայի Միության տարբեր քաղաքներ՝ Պենզա, Լենինգրադ, Մինսկ: Նրանք, ովքեր փորձ ձեռք բերելու չէին մեկնել, կարդում էին Յակով Իցխոկիի «Իմպուլսային տեխնիկա» գիրքը: Այն, թե հետագայում կոնկրետ ինչով ենք զբաղվելու, շատ քչերն էին հասկանում: Այնուհետեւ ստացանք առաջին օսցիլոգրաֆը՝ սեւ, մեծ:

Հետագայում հայտնվեցին նաեւ փոքրերը՝ Սի-1: Մեզանից յուրաքանչյուրն ուներ իր տեղը լաբորատոր սեղանի մոտ: Ինժեներներն ու տեխնիկներն իրենք էին հավաքում սնուցման բլոկեր տարբեր լարվածության համար, որը ստանում էինք մեր սեփական գեներատորներից»:

Շարունակելի: