17:55 | 26.04.21 | Նորություններ | 1307

«Քան» ակադեմիան աշխատարանների շարք է իրականացնում Գյումրիում

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը հանրակրթական դպրոցներում բնական և ճշգրիտ գիտությունների առարկաներ (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա) դասավանդող ուսուցիչների համար աշխատարանների շարք է իրականացնում Գյումրիում։

Աշխատարանների ընթացքում ուսուցիչները նոր հմտություններ են ձեռք բերում, մասնավորապես, թե ինչպես «Քան» ակադեմիայի հարթակի ռեսուրսները կիրառել դասավանդման ընթացքում, հարթակում ստեղծել առցանց դասարան, ներգրավել աշակերտներին և հարթակի միջոցով առաջադրանք տալ, ծանոթանալ շրջված դասարանի մոդելի հնարավորություններին ու առավելություններին, բնագիտական առարկաների ուսումնառությունը դարձնել երեխաների համար առավել հետաքրքիր ու գրավիչ։   

Մեկնարկից ի վեր արդեն անցկացվել է երեք աշխատարան, նախատեսվում է նաև  քննարկում «Քան» ակադեմիայում գնահատման և հաշվետվությունների վերլուծության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես օգնել աշակերտներին ամառային արձակուրդներին հարթակը շարունակելու կիրառել՝ գիտելիքների բարելավման ու ամրապնդման համար։ Աշխատարանների առցանց փուլի ավարտից հետո  «Քան» ակադեմիայի թիմը կայցելի Գյումրու դպրոցներ և տեղում կանցկացնի աշխատարաններ 40 ուսուցչի ու 900 աշակերտի համար։

«Քան» ակադեմիան «Այբ»  կրթական հիմնադրամի միջոցով հասանելի դարձած անվճար կրթական հարթակ է՝ նախատեսված թե ուսուցիչների, թե աշակերտների և թե պարզապես ինքնակրթությամբ զբաղվողների համար։ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անուշ Այվազյանի բնորոշմամբ՝ շատ կարևոր է «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցիչների դերը կրթական նոր տեխնոլոգիաները հնարավորինս շատ գործընկերների հասանելի դարձնելու և արդեն կուտակված հաջող փորձը նրանց հետ կիսելու հարցում։

Հարթակն այսօր առցանց կրթական ամենամեծ շտեմարաններից մեկն է, որտեղ մի քանի ուղղություն համապատասխանեցված է կրթական նոր չափորոշիչներին։

«Քան» ակադեﬕան առաջարկում է ավելի քան 3500 հայերեն տեսանյութ YouTube-ում և շուրջ 40 000 հայերեն վարժություն ու հոդված, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։