16:10 | 26.04.21 | Նորություններ | 11132

Տեխնոլոգիական համայնքը նշել է Մոլորակի օրը

Ապրիլի 22-ին՝ «Մոլորակի օրը», Սինոփսիս Արմենիա ընկերությունը՝ «Վերականգնենք մեր մոլորակը»  կարգախոսի ներքո, «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացրել է առցանց միջոցառում:

Այն ուղղված էր Հայաստանում վերամշակվող եւ չվերամշակվող թափոնների տեսակավորման եւ վերամշակման, ինչպես նաեւ մոլորակի վերականգնման համար RRR (նվազեցրու՛, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր - reduce, reuse, recycle) համակարգի մասին իրազեկության բարձրացմանը:


Սինոփսիս Արմենիայի Հանրային կապերի ղեկավար եւ համայնքային ծրագրերի պատասխանատու Գայանե Մարկոսյանի խոսքով Սինոփսիս ընկերությունը Հայաստանում հետեւողականորեն ներդրում է ունենում ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացման, այլ նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի սերմանման եւ զարգացման մեջ:

Վիրտուալ շրջագայության ընթացքում «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մարինե Օհանջանյանը ներկայացրել է, թե ինչպես Հայաստանում սկիզբ առավ վերամշակման՝ թափոններին երկրորդ կյանք պարգեւելու մշակույթը, ինչպես համախմբվեցին մի շարք դպրոցականներ, ուսանողներ, դասախոսներ, պետական եւ մասնավոր կառույցների աշխատակիցներ, որոնք կամավոր հիմունքներով հենց փողոցում սկսեցին տեսակավորել թափոնները, եւ թե ինչպես նշյալը հիմք հանդիսացավ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող թափոնների տեսակավորման ներկայիս ծրագրին:

Նա նաեւ ծանոթացրել է, թե ինչպիսի ծրագրեր են այժմ իրագործվում Հայաստանում, մասնավորապես ներկայացնելով աղբի պարունակությունը նվազեցնելու եւ թափոնների վերամշակման բազում օրինակներ․ պլաստիկ շշերից, օգտագործված հագուստից դարձած աթոռակ, անօգուտ անվադողերից՝ շան կամ կատվի տնակ, թիթեղյա տարաներից՝ լամպեր եւ այլն: Անդրադարձ եղավ 2020թ․ Արցախյան պատերազմին, որի ժամանակ շապիկներից ու այլ հագուստներից գլխարկներ էին կարվում զինվորների համար, բարձերի, վերմակների համար լցոնիչներ պատրաստվում եւ այլն:

Վիրտուալ միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Սինոփսիսի Երեւանի մասնաճյուղի աշխատակիցները, այլեւ ընկերության Գյումրու մասնաճյուղում սովորող Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի ուսանողներն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող մյուս կենտրոնների աշխատակիցները։

Հիշեցնենք, որ Սինոփսիսի ուսումնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ եւ նպատակ ունի «Բուհ-արտադրություն» կրթական համագործակցության իրականացմամբ  պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ժամանակակից պահանջներին բավարարող եւ գործնական հմտություններով օժտված արտադրությանը պատրաստ մասնագետներ։