11:12 | 22.09.20 | Նորություններ | 2308

Robin ռոբոտի համահեղինակը եւ «ՕգմենթԱր»-ի համահիմնադիրը՝ «Մեր ժամանակների հերոսներ»

Ինժեներ, Robin ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանը եւ եռաչափ տպիչներ արտադրող «ՕգմենթԱր» ընկերության համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը սեպտեմբերի 21-ին մրցանակների են արժանացել՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության շրջանակում:

Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակը հանձնելով Expper Technologies ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանին՝ Robin ռոբոտի ստեղծման համար՝ ընդգծել է, որ վերջինս ապագայից է եկել:



«Նա ոչ միայն զբաղվում է նոր տեխնոլոգիաներով, ռոբոտ է ստեղծում, այլեւ հասկացել է, որ ապագայում միայն տեխնոլոգիաները եւ ռոբոտները չէ, որ պետք է աշխատեն, պետք է աշխատի նաեւ մարդկային էությունը: Նա իր գործունեության մեջ գումարել է մի քանի կարեւորագույն արժեքներ։ Դրանցից մեկը մարդկային արժեքն է, որովհետեւ ռոբոտն աշխատում է երեխաների հետ, երկրորդը՝ կրկին մարդկային է, աշխատում է հիվանդանոցում եւ երրորդը, իհարկե, տեխնոլոգիաներն են: Այդ երեք սյուների վրա հիմնված ստեղծագործ աշխատանքն անպայման հաջողության պետք է հասնի»,-ասել է նախագահը՝ Կարեն Խաչիկյանին առաջարկելով, որ հաջորդ ռոբոտին անվանի ոչ թե Ռոբին, այլ Կարին։



Արհեստական բանականությամբ աշխատող Robin ռոբոտը ստեղծված է հիվանդանոցներում բուժվող երեխաների հետ շփվելու, նրանց դրական զգացմունքներ փոխանցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Կարեն Խաչիկյանն իսկապես տաղանդավոր մարդ է եւ կարողացել է միավորել մի քանի կարեւորագույն արժեքներ: