11:27 | 04.02.20 | Հոդվածներ | exclusive 237781

Robin ռոբոտը՝ ապաքինման փուլում երեխաների օգնական

Expper Technologies ընկերությունը մեկնարկել է Robin ռոբոտի թեստավորումն առողջապահության ոլորտում: Robin-ը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ՝ մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում:

Պիլոտային ծրագրի շրջանակում Wigmore կլինիկայում ներկայացվող Robin-ի հետ մինչ օրս բուժում անցնող ավելի քան 85 երեխա հաղորդակցվելու հնարավորություն է ստացել:

Expper Technologies-ի համահիմնադիր Կարեն Խաչիկյանի խոսքով, փորձում են անել առավելագույնը, որ բուժվող բոլոր երեխաները պիլոտային փուլի շրջանակում հասցնեն զրուցել Robin-ի հետ:

 

Կարենը նշում է, որ հիվանդանոցային միջավայրը, որը երեխաների համար անհյուրընկալ, ցավերի եւ տհաճ դեղերի հետ ասոցացվող մռայլ աշխարհ է, կարծես գունավորվել է Robin-ի հայտնվելուց հետո:

«Որպես կանոն, իրենց սովորական միջավայրից կտրված եւ օրեր շարունակ պալատում բուժվող երեխաներն իրենց զգում են ճնշված, միայնակ եւ անտրամադիր, ինչը բացասաբար է անդրադառնում ապաքինման եւ բուժման արդյունքների վրա: Robin-ին հաջողվում է իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ դուրս բերել երեխաներին դեպերեսիվ վիճակից եւ դարձնել ավելի հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը:

Բացի այդ, ցավոտ միջամտությունների ժամանակ Robin-ին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի իրենց ընկալումը»,- ընդգծում է Expper Technologies-ի հիմնադիրը եւ հավելում, որ Robin-ի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ նույնիսկ լավացել է ախորժակը:

Երեխայի հետ անմիջական զրույցի կարողություն

Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է: Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ:

Կարենն ասում է, որ Robin-ը շատ պրպտողն է, եւ նրա հարցերի շրջանակը լայն է. կարող է հետաքրքրվել հիվանդ երեխայի տրամադրությունից, հարցեր տալ նրա խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ բերել երեխայի անհանգստությունները եւ փորձել պատասխանել հուզող հարցերին:

Robin-ին հաջողվում է մեղմացնել ցավի ընկալումը

Բուժվող երեխաները Robin-ին ընկալում են որպես հասակակից ընկեր եւ, ինչպես Կարենն է նշում, անպայման ուզում են ծանոթացնել իրենց ընտանիքի մյուս անդամների հետ:

«Բոլորը, առանց բացառության, ուզում են հանդիպել երկրորդ անգամ: Նույնիսկ իմացել ենք, որ երեխաներից մեկը ծնողին ասել է, թե ուզում է կրկին հիվանդանալ, որ եւս մեկ անգամ խոսի Robin-ի հետ: Ծնողները շատ ուրախ են, որ բարձրանում է իրենց երեխաների տրամադրությունը եւ բարելավվում առողջական վիճակը: Բացի այդ, հիվանդանոցում մնալու ընթացքում նրանք էլ են փորձում սփոփել իրենց երեխաներին, բայց դա բավականաչափ էներգիա եւ ժամանակ է խլում իրենցից: Իսկ Robin-ի շնորհիվ այդ բացը լրացվում է շատ ավելի արագ, արդյունավետ եւ ունենում է երկարաժամկետ ազդեցություն»,- բացատրում է Կարենը:

Բժշկական անձնակազմի համար եւս ռոբոտի հետ շփումը նոր փորձ է, բայց թե՛ բժիշկները, թե՛ բուժքույրերը սիրով են արձագանքում Robin-ի ներկայությանը կլինիկայի տարածքում:

«Robin-ին հաջողվում է մեղմացնել երեխաների ցավի ընկալումը, երբ նրանցից արյուն են վերցնում կամ կաթետեր տեղադրում: Արդյունքում, անձնակազմը խնայում է սեփական ժամանակն ու նյարդերը: Բարդ դեպքերի ժամանակ բուժքույրերն իրենք են կանչում Robin-ին եւ դիմում նրա օգնությանը: Կարծում եմ, սա Robin-ի արդյունավետությունը հաստատող ամենահստակ ցուցանիշն է»,- ասում է Կարենը:

Robin-ը շուտով կներկայանա նոր հիվանդանոցներում

Շուտով սկսվելու են Robin-ի մասնակցությամբ ծրագրերը ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական եւ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոններում:

Կարենը հավելում է, որ Expper Technologies-ը նախատեսում է առաջիկայում ներդրումային նոր փուլ սկսել, որի նպատակն է մուտքը ԱՄՆ շուկա եւ այնտեղի հիվանդանոցներում կլինիկական փորձարկումների անցկացումը։

Բանակցություններ են ընթանում Բոսթոնի մանկական հիվանդանոցի (Boston Children's Hospital and Children's Hospital) եւ Լոս Անջելոսի մանկական հիվանդանոցի հետ (Children's Hospital of LA)՝ այս ամառ կլինիկական հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Նարինե Դանեղյան