13:45 | 12.05.20 | Նորություններ | 5472

Նորաստեղծ PicsArt Academy-ն հնարավորություն կտա անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալ

PicsArt ընկերությունը ներկայացրել է PicsArt ակադեմիա նոր կրթական հաստատությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

PicsArt ակադեմիան օնլայն եւ օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ Ընկերությունն ակադեմիայի ստեղծման հիմքում դրել է ժամանակակից եւ մեծ պահանջարկ ունեցող գիտելիքի փոխանցման կարիքն ու արդյունավետ դասավանդման տարիների իր փորձը։

Մայիս ամսվա սկզբից PicsArt ակադեմիան օնլայն հարթակում մեկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաեւ JavaScript ծրագրավորման լեզվի անվճար եւ առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղական եւ միջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաեւ մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:

«Մենք կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար եւ բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարեւոր է։ Այդ իսկ պատճառով, մենք միավորում ենք մեր ջանքերն ու տարիների փորձը եւ հանրությանը ներկայացնում PicsArt ակադեմիան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ, անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում եւ սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի»,- նշել է PicsArt ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

PicsArt ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, ի թիվս այլ ծրագրերի, առաջնային է համարում հասանելի եւ անվճար կրթության ապահովումն ու մասնագետների զարգացման հնարավորությունը:

Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում PicsArt ընկերությունն իրականացրել է մոտ 30 երկարատեւ դասընթացներ ինժեներների եւ ծրագրավորողների համար: Վերջերս են ավարտվել PicsArt-ի Advanced iOS Camp, Android Camp, Data Science Camp եւ APM մասնագիտացման դասընթացները, որից հետո մասնակիցների ավելի քան 70 տոկոսը ստացել է կամ պրակտիկայի հնարավորություն կամ աշխատանքի առաջարկ։

PicsArt-ը նաեւ երկու տարի շարունակ նախաձեռնել է արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման վեցամսյա խորացված դասընթացներ, իսկ դասընթացներից անմիջապես հետո բոլոր շրջանավարտներն աշխատանքի առաջարկ են ստացել։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականից մինչ այսօր PicsArt-ում սովորել եւ վերապատրաստել են շուրջ 600 մասնագետ։