17:23 | 07.02.20 | Նորություններ | 4644

2019թ. PicsArt-ի անվճար կրթական ծրագրերի շնորհիվ 300 մասնագետ է վերապատրաստվել

2019թ. ընթացքում PicsArt-ի նախաձեռնած կրթական ծրագրերի շնորհիվ շուրջ 300 մասնագետ է վերապատրաստվել: Ընկերության ներսում անցկացվող դասընթացները վարում են ինչպես միջազգային փորձագետները, այնպես էլ PicsArt-ի հիմնադրման ակունքներում կանգնած անհատները։

Անցած տարի PicsArt Armenia-ն ձեռնարկեց Հայաստանում առաջին APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա անվճար ծրագիրը, որը հնարավորություն է տալիս միաժամանակ սովորել եւ աշխատել PicsArt հավելվածի վրա: Ծրագիրը հաջողությամբ ավարտել է 10 երիտասարդ՝ դառնալով պրոդուկտի ղեկավարման մասնագետ: Նրանցից 8-ը մշտական աշխատանքի են անցել PicsArt-ում:

APM հատուկ մշակված ծրագիրը հագեցած է տեսական եւ պրակտիկ գիտելիքներով։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ հաղորդակցման, կորպորատիվ մշակույթի եւ ֆինանսական վերլուծության գիտելիքներով ու փորձով:

«Մեկնարկելիս՝ մենք իհարկե չէինք պատկերացնում, թե ինչ արդյունքի կարող է հասնել Հայաստանում առաջին անգամ նման երկարատեւ ծրագրի ներդրումը։ Այսօր արդեն ավելի քան վստահ գիտենք, որ APM ծրագրի շնորհիվ կարող ենք պրոդուկտի ղեկավարման բացառիկ մասնագետներ պատրաստել»,- նշում է PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը:

«Սա անփոխարինելի ծրագիր էր, որի շնորհիվ ոլորտից բացարձակ անտեղյակ մարդուց ես դարձա լիիրավ պրոդուկտի ղեկավար, ձեռք բերեցի ընկերներ եւ այժմ էլ կանցնեմ մշտական աշխատանքի PicsArt-ում՝ արդեն ճանաչելով թե՛ ընկերության մշակույթը, պրոցեսները, մարդկանց, եւ թե՛ ինձանից ակնկալվող աշխատանքը»,- պատմում է APM ծրագրի մասնակից Խաչատուր Սեդրակյանը:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt օգտատերերի համայնքը յուրաքանչյուր ամիս ստեղծում եւ սոցիալական ցանցերում տարածում է շուրջ 1 մլրդ նկար: PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում:Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում եւ Պեկինում: