16:52 | 23.12.19 | Նորություններ | 2812

ՀԱՀ-ը եւ PicsArt-ը արհեստական բանականության հետազոտական լաբորատորիա կստեղծեն

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) եւ PicsArt-ը համատեղ ջանքերով արհեստական բանականության (ԱԲ) հետազոտական լաբորատորիա կստեղծեն:

Լաբորատորիան աշխատատեղեր կստեղծի դասախոսների եւ ուսանողների համար՝ իրականացնելու նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման եւ համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:

Նախնական փուլում արհեստական բանականության լաբորատորիան աշխատանք կտրամադրի ՀԱՀ-ի երկու դասախոսի, առաջատար հետազոտողների, ինչպես նաեւ
Համակարգչային գիտության եւ Տվյալագիտության բակալավրիատներում սովորող 15 ուսանողի:

ՀԱՀ-ի պրոֆեսորներն ու PicsArt-ի մեքենայական ուսուցման մասնագետները կսկսեն դասընթացներ անցկացնել 2020 թ. հունվարից: Վեցշաբաթյա դասընթացից հետո լավագույն ուսանողները արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի առաջարկ կստանան:

Հիշեցնենք, որ 2018թ. աշնանը PicsArt-ը հայտարարեց Մոսկվայում արհեստական բանականության լուծումներ մշակող լաբորատորիա հիմնելու մասին: