11:14 | 01.02.19 | Նորություններ | 3444
PicsArt ընկերությունը Երեւանի պետական համալսարանի ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) մասնագետների պատրաստման նոր ծրագիր։
Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում եւ Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» եւ «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։
Դասընթացները վարել են PicsArt ընկերության ԱԲ թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների եւ պրակտիկ առաջադրանքների համադրության վրա հիմնված ծրագիր:
ԵՊՀ SS կրթական եւ հետազոտական կենտրոնը ՏՏ ոլորտում շարունակական կրթության ծրագրերի եւ առանձին դասընթացների իրականացման համար նախատեսված մարմին է։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։
PicsArt-ը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում ԱԲ ոլորտը զարգացնելու ու մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում, PicsArt-ի ջանքերով մեքենայական ուսուցման տարբեր կրթական ծրագրերի շրջանակում Հայաստանում 80-ից ավելի մասնագետներ են պատրաստվել, որոնք աշխատանքի են անցել PicsArt-ում եւ ՏՏ առաջատար այլ ընկերություններում:
«Աշխարհում այսօր մրցունակ են այն երկրները, որոնք զարգացնում ու ընդլայնում են արհեստական բանականության կիրառման ոլորտները: Պատահական չէ նաեւ, որ համաշխարհային շուկայում այս բնագավառի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դատելով մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողություններից, Հայաստանն ունի ներուժ՝ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման եւ միջազգային պատվերների ներգրավման համար»,- նշել են ընկերությունում:
PicsArt-ը նաեւ բանակցություններ է վարում ԲՈւՀ-երում արհեստական բանականությունը որպես մասնագիտացում ներառելու նպատակով: