17:25 | 06.05.20 | Նորություններ | 2080
Կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման ներդրման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:
Վեբինարը նախաձեռնել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։
«Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել էլեկտրոնային կառավարման գործիքները, շատ ավելի ուժեղ եւ դիմադրող են։ Լավ օրինակ է Սինգապուրը։ Այդ երկրում մինչեւ կորոնավիրուսը մոտ 20 հազար աշխատող տնից էր աշխատում, եւ համավարակի ժամանակ մարդիկ արդեն իսկ պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելուն, նրանց համար տնից աշխատելու մեջ որեւէ արտասովոր բան չկար։
Էլեկտրոնային կառավարումը չափազանց կարեւոր է։ Այն ոչ միայն միջավայր, գործիքներ ստեղծելու մասին է, այլեւ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների խթանմանը։ Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ նպաստում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակն արհեստական բանականությունն է։ Մեծ ջանք է պետք ներդնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մաթեմատիկական մոդելավորման զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նա անհրաժեշտ է համարել ավելի լրջորեն կանխորոշել այն առաջնահերթությունները, որոնք կվերաբերեն պարենային անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներին:
Նախագահն ասել է, որ կորոնավիրուսից հետո ինքը վերադառնալու է ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն, քանի որ դա ապագայի հիմնարար գործիքն է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության եւ այլ ոլորտներում։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ գիտությունն ամենահրապուրիչ եւ հետաքրքիր ոլորտներից մեկն է լինելու ներդրումների, համագործակցության համար: Այն փոխկապակցված է լինելու տեխնոլոգիաների հետ եւ բոլորին ցույց է տալու ճանապարհը դեպի ապագա: