11:22 | 16.04.20 | Հոդվածներ | exclusive 70248
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեխնոլոգիական ընկերությունները անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի: Itel.am-ը ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ զրույցում պարզում է գործունեության վրա համավարակի ազդեցությունը, հեռավար աշխատանքի կազմակերպման նրբությունները, դրական եւ բացասական կողմերը, եւ համավարակից հետո մեզ սպասող աշխարհի մասին նրանց պատկերացումները:
***
2014թ. հիմնադրված հայ-ամերիկյան SoloLearn ընկերության համանուն հավելվածն այսօր ունի 17 մլն օգտատեր, որոնց մեծ մասը ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Արեւմտյան Եվրոպան եւ Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ ծրագրավորման այլ լեզուներ: Ընկերությունն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում: Հայաստանյան թիմում 40 մասնագետ է աշխատում:
Ընկերության HR ղեկավար Արմինա Մխիթարյանը նշում է, որ ամբողջ թիմն այս օրերին աշխատում է հեռավար:
«Քանի որ անցած տարեվերջին գրասենյակ ենք հիմնել ԱՄՆ-ում եւ թիմերը միմյանց հետ հեռավար աշխատելուն ընտելանալու կարիք ունեին, հենց սկզբից նոր պայմանները որպես օգտակար մարտահրավեր ընդունեցինք։ Այս տրամադրվածությունը շատ օգնեց արագ հաղթահարել առաջին շոկը եւ անցնել հեռավար աշխատանքի ռեժիմի՝ ամբողջությամբ պահպանելով մեր հիմնական պրոցեսները՝ ստենդափեր, թիմային քննարկումներ, առանց ուշացումների ռելիզներ եւ այլն»:
Դրականի ու բացասականի մասին
Դրական կողմերից` անսպասելի էր արդյունավետության բարձրացումը։ Հավանաբար մեկուսացումը եւ արտաքին աշխարհի հետ շփման կրճատումը նպաստում է աշխատանքին ավելի շատ ժամանակ, միտք ու էներգիա տրամադրելուն, ինչը միայն դրական է ազդում վերջնական արդյունքի վրա։ Միեւնույն ժամանակ, դրական կողմերից է այն, որ ամբողջ թիմն ավելի ինքնավստահ է գործում՝ հավատալով, որ կարող է նույնիսկ ճգնաժամային ռեժիմում արդյունքներ տալ եւ հասնել դրված նպատակներին։ Բացասական կողմերից է, իհարկե, մեր անմիջական շփման, կատակների, գրասենյակային ավանդական արարողությունների եւ նույնիսկ հարազատ աղմուկի բացակայությունը, որը բոլորս շատ ցավագին ենք ընդունում:
Օգտատերերի քանակի եւ ակտիվության աճի մասին
Օնլայն կրթությունն աշխարհում նոր թափ է ստանում, մենք նույնպես տեսնում ենք օգտատերերի թե՛ քանակի, թե՛ ակտիվության էական աճ։
Ստեղծված իրավիճակում մեր առջեւ խնդիր ենք դրել եւ՛ մեր օգտատերերին տալ կրթվելու ու հմտություններ ձեռք բերելու ավելի լայն հնարավորություն, եւ՛ պայմաններ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր կորցնելով տարբեր ոլորտներում իրենց հիմնական աշխատանքը՝ այսօր հասկանալիորեն դիտարկում են մասնագիտությունը փոխելու եւ ՏՏ ոլորտ մուտք գործեու հնարավորությունը։ Այս ամենն ապահովելու համար մենք այս պայմաններում համալրում ենք մեր թիմը նոր մասնագետներով, ունենք աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ եւ համարում ենք, որ հիմա ճիշտ ժամանակն է միանալ մեր թիմին։
Գործընկերների հետ կապ պահպանելու մասին
Բացի slack-ից, որը նույնիսկ գրասենյակում մեր հիմնական շփման միջոցն է, այժմ ակտիվ օգտվում ենք նաեւ zoom-ից՝ հանդիպումների համար եւ շատ սիրել ենք Sococo հարթակը, որը հնարավորություն է տալիս ստեղծել գրասենյակի միջավայրին մոտ միջավայր եւ ապահովում է տեսա եւ ձայնային որակյալ շփում։ Այս գործիքների շնորհիվ կարողանում ենք պահպանել կապը միամյանց հետ եւ նույնիսկ ամեն ուրբաթ ունենալ <<Ջրիկ միթինգ>>։ Վերջին անգամ ընկերությունը բոլոր աշխատակիցների տուն՝ Չարենցավանից մինչեւ Ալավերդի, գինի էր առաքել, որպեսզի բոլորս նույն գինին խմենք միասին։
Նոր պայմաններին արագ հարմարվելու մասին
Կարծում ենք, դա կախված է նրանից, թե որքան կտեւի բուն մեկուսացումը, բայց արդեն ակնհայտ է, որ մարդիկ ավելի ճկուն են դարձել եւ կարողանում են արագ հարմարվել փոփոխվող պայմաններին։ Հավանաբար բոլորն էլ կսկսեն ավելի գնահատել այն հարմարավետությունն ու հնարավորությունները, որ կան մեր գրասենյակում ու որոշ ժամանակ դժվար կլինի մարդկանց տուն ուղարկել:
Մի բան պարզ է, որ մենք ավելի վստահ կլինենք մարդկանց ճկուն աշխատանքային պայմաններ առաջարկելիս, ինչպես նաեւ տարբեր երկրներում թիմեր ձեւավորելիս, քանի որ արդեն փորձի հիման վրա գիտենք, որ դա աշխատում է, եւ արդյունավետությունը չի տուժում։
ՏՏ ոլորտի նկատմամբ վստահության աճի մասին
ՏՏ-ի դերը էլ ավելի է ընդգծվում այս պայմաններում, գլոբալ ՏՏ ընկերությունները ակտիվանում են թե՛ ծառայությունների մասով, թե՛ մարդկային նոր ներուժ ներգրավելու, եւ թե՛ համավարակի դեմ պայքարին մասնակցելու առումով։ Կարծում եմ, այս միտումները միայն կշարունակվեն եւ արդեն երկրների քաղաքականության մակարդակում կտեսնենք ավելի մեծ ներդրումներ ու վստահություն ՏՏ ոլորտի նկատմամբ, ինչպես նաեւ տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ կրթության վերափոխման էլ ավելի արագ տեմպեր:
Նարինե Դանեղյան