14:37 | 13.04.20 | Հոդվածներ | exclusive 138065

Mutable-ի լուծումը կտրամադրի ավելի արագ, մատչելի եւ անվտանգ ինտերնետ փորձառություն

Mutable ստարտափը, որը թիմ ունի նաեւ Հայաստանում, մշակել է տեխնոլոգիա, որն առաջարկում է ավելի արագ, մատչելի եւ անվտանգ ինտերնետ փորձառություն: 

Mutable-ի Կապերի եւ կոնտենտի գծով ղեկավար Րաֆֆի Էլլիոթը Itel.am-ի հետ զրույցում պատմել է, որ այն edge computing (եզրային հաշվարկի) ստարտափ է:

«Ի տարբերություն ավանդական ամպային հաշվարկային տեխնոլոգիաների, որոնց դեպքում տվյալներն ուղարկվում են հարյուրավոր կիլոմետրերի վրա գտնվող զանգվածային տվյալների հավաքագրման կենտրոններ, ամպային on the edge տարբերակով (կամ, այլ կերպ ասած, վերջնական օգտատիրոջն աշխարհագրական առումով հնարավորինս մոտիկ գտնվելով) հնարավոր է դառնում տվյալներն ավելի արագ եւ ապահով գեներացնել՝ բացահայտելով հեռաբժշկական, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների եւ այլ ցանցային սարքերի հնարավորությունները»,- նշել է Րաֆֆի Էլլիոթը:

Նա Mutable-ի աշխատանքի մոդելը նմանեցրել է AirBnB-ի մոդելին։

«Եթե մի դեպքում նպատակը կապ ստեղծելն է՝ մատչելի գիշերակաց փնտրող ճանապարհորդների եւ լրացուցիչ գումար աշխատել ցանկացող տանտերերի միջեւ, ապա Mutable-ի դեպքում հեռահաղորդակցության կազմակերպություններին (եւ բոլոր նրանց, ովքեր ունեն սեփական տվյալների կենտրոններ) հնարավորություն է տրվում լրացուցիչ գումար աշխատել՝ հանրությանը «վարձակալության տալով» սերվերի չօգտագործված մասը»,- բացատրում է Mutable-ի ներկայացուցիչը:

Գրեթե 6 տարի առաջ Նյու-Յորքից ծրագրավորող Անտոնիո «Պելլե» Պելլեգրինոն մեկ ամիս բնակվում է Երեւանում՝ իր դասընկեր Վաչե Ասատրյանի Սարյան/Թումանյան ստարտափ ինկուբատորում։ Այդ ժամանակ էլ նա հիմնում է ընկերությունը: Վաչեն դառնում է Mutable-ի առաջին հաճախորդներից մեկը: 3 տարի անց  «Պելլե»-ն եւ էդեֆ մականունով մյուս համահիմնադիրը Վաչեին հրավիրում են դառնալ երրորդ համահիմնադիրը: Միասնական աշխատանքի միջոցով ծրագրավորվեց ենթակառուցվածքային տեխնոլոգիան՝ նվազագույն անճշտությամբ ամպ ստեղծելու համար։ 2017թ., երբ 5G ցանցային ենթակառուցվածքը դարձավ հասանելի, Mutable-ը ձեռք բերեց ներկայիս տեսքը։

Ստարտափը մասնակցել է Նյու Յորքում կայացած TechStars աքսելերատորի ծրագրին եւ ավարտել CableLabs UpRamp ծրագիրը։

«Ի տարբերություն այլ անհատական ամպային ծառայություն մատուցողների՝ մենք սերվերների տերերի համար ստեղծում ենք եկամտի նոր աղբյուր, իսկ երրորդ կողմի ծրագրավորողների համար հասանելի ենք դարձնում հաշվարկային հզորությունից օգտվելը։ Նաեւ ոգեւորում ենք հեռահաղորդակցության եւ մալուխային օպերատորներին՝ բարելավելու հաճախորդներին մատուցած ծառայությունների որակը»,- ընդգծում է Րաֆֆի Էլլիոթը:

Mutable-ի թիմի 11 անդամները բնակվում են Կոստա Ռիկայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում եւ Հայաստանում։ Խմբի անդամների մեծ մասը գտնվում է Հայաստանում, ինչպես օրինակ՝ հաղորդակցման խմբի 2 անդամները եւ պոդուկտի մշակման թիմը՝ Վաչե Ասատրյանի գլխավորությամբ։

Ստարտափի թիրախային շուկան Հյուսիսային Ամերիկայի մալուխային օպերատորներն են, որոնք ունեն համակարգչային աղբյուրներ, եւ նոր ուղիներ են որոնում այդ ամենից ֆինանսական շահույթ ունենալու եւ իրենց հաճախորդներին հավելյալ ծառայություններ մատուցելու համար: Էլլիոթի խոսքով, այնուամենայնիվ, շուկան կարող է ընդլայնվել` մի կողմից դեպի հեռահաղորդակցության եւ մալուխային օպերատորներ, մյուս կողմից՝ դեպի ծրագրավորողներ, որոնք կարիք ունեն անխափան եւ անթերի գործող հաշվարկային հզորության։

Ներկայում Mutable-ն իրականացնում է պիլոտային ծրագրի մշակման աշխատանքներ՝ համագործակցելով ինտերնետային ծառայություններ մատուցող մեկ ամերիկյան եւ մեկ կանադական կազմակերպության հետ։ Առաջիկայում ստարտափը հույս ունի ընդլայնել թե՛ մատուցվող ծառայությունները եւ թե՛ բիզնեսի զարգացման թիմերը: 

Ստարտափը գեներացրել է $1,5 մլն ներդրում՝ շնորհիվ ամերիկյան եւ եվրոպական ներդրողների կոնսորցիումի, ի դեմս ՝Momenta Partners-ի, Acequia Capital-ի եւ Charlie Songhurst-ի՝ Fly եւ Lunar վենչուրային կազմակերպությունների առաջնորդությամբ։