10:49 | 15.04.20 | Հոդվածներ | exclusive 141196

Գործարկվել է աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված noomee հավելվածի Android տարբերակը

noomee մոբայլ հավելվածը, որը նախատեսված է աուտիզմ ունեցող երեխաների համար, արդեն հասանելի է PlayStore-ում:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Գայանե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մինչեւ հունիսի 1-ը հավելվածը կլինի անվճար եւ թույլ կտա խնայել ամսական $15: 

Այս պահին աշխարհում կա 24 մլն-ից ավելի աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխա (մինչեւ 18տ․) եւ թիվը գնալով աճում է։ noomee-ի նպատակն է օգնել երեխաներին վարել ինքնուրույն կյանք եւ դառնալ հասարակության լիիրավ անդամ։

Noomee-ն օգնում է երեխաներին կազմակերպել իրենց օրը, սովորել պարզ առօրյա գործողություններ եւ դառնալ ավելի ինքնուրույն։ Թերապիստների համար noomee-ն հանդիսանում է հավելյալ գործիք, որը խնայում է նրանց ժամանակն ու տրամադրում հավելյալ աշխատանքային ռեսուրսներ։

«Ապրիլը աուտիզմի իրազեկման ամիսն է եւ հաշվի առնելով աշխարհում համաճարակի հետեւանքով պայմանավորված իրավիճակն ու ազդեցությունը փոքրիկների վրա, որոշեցինք կարճ ժամանակում վերջնական տեսքի բերեց հավելվածը եւ ապրիլի 2-ին (Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը) հանձնեցինք օգտատերերի դատին»,- ընդգծում է Գայանե Հովհաննիսյանը:

noomee-ի շնորհիվ ծնողները կարող են որոշ չափով լրացնել թերապիաների բացակայությունը եւ օգնել իրենց բալիկներին պահպանել սովորած հմտությունները։  

Գայանե Հովհաննիսյանը նշում է, որ տեխնիկական եւ բովանդակային թեստավորման մի քանի փուլերից հետո հավելվածն արդեն պատրաստ է օգնել աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, խնամակալներին եւ նրանց հետ աշխատող մասնագետներին։ 

«Այս պահին խորհուրդ է տրվում հավելվածը կիրառել 3-12տ․ տարիքային խմբի եւ աուտիզմ ախտորոշման դեպքում, սակայն միեւնույն ժամանակ չի բացառվում հավելվածի օգտակարությունը 12տ.-ից բարձր եւ այլ ախտորոշում ունեցող երեխաների համար»,- ընդգծում է Գայանե Հովհաննիսյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աուտիզմ ունեցող երեխաներն ունեն  հաղորդակցման, վարքային, առօրյան կազմակերպելու խնդիրներ եւ ուշադրության կենտրոնացման պակաս։ noomee հավելվածը կազմված է 4 բաժիններից, որոնք օգնում են զարգացնել հմտություններ, որոնք կլուծեն վերոնշյալ հիմնական խնդիրները՝ տանը շարունակելով թերապիստների աշխատանքը։ 

Նարինե Դանեղյան