12:11 | 10.04.20 | Նորություններ | 2196
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված են անցնել հեռավար աշխատանքի, ինչը շրջադարձային կլինի եւ ընդմիշտ կփոխի աշխատանքի եւ կրթության ձեւաչափը, հայտարարել է Microsoft 365-ի ղեկավար Ջարեդ Սպատարոն:
The Verge-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ մարտին Microsoft Teams հարթակի ամենօրյա ակտիվ լսարանն ընդամենը մեկ շաբաթում ավելացել է՝ 32 միլիոնից դառնալով 44 միլիոն մարդ եւ շարունակում է աճել հսկայական տեմպերով:
Microsoft-ի կորպորատիվ ծառայությունների, ձայնային եւ վիդեո պրոդուկտների պահանջարկն այս օրերին աճում է ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իտալիայում եւ Նորվեգիայում: Microsoft 365-ի ղեկավարի խոսքով, մարտի 31-ին Teams-ում իրականացրած զանգերի ընդհանուր տեւողության ռեկորդ է սահմանվել՝ մեկ օրում 2,7 մլրդ րոպե: Սա 200%-ով ավելին է, քան երկու շաբաթ առաջ գրանցված 900 միլիոն րոպե ցուցանիշը:
Նրա խոսքով, սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության պատճառով առաջացած պահանջարկն արագորեն փոխում է աշխատանքային սովորույթները եւ դրանից խուսափելն անհնար է: Սա նաեւ մեծացնում է նոթբուքերի, վեբ տեսախցիկների եւ համակարգիչների պահանջարկը: «Մարդիկ սկսում են հասկանալ, որ iPad-ով տանից աշխատելն ամենալավ տարբերակն չէ»,- ասել է Ջարեդ Սպատարոն:
Նրա կանխատեսմամբ, նույնիսկ համաճարակի թուլացումից հետո աշխատանքային ֆորմատի նոր նորմեր կսահմանվեն: Սպատարոն հիշեցրել է, որ անգամ այն բանից հետո, երբ Չինաստանն օրերս վերացրեց բազմաթիվ սահմանափակումներ, Teams-ի օգտատերերի թիվն այնտեղ շարունակեց կրկնակի աճ գրանցել: «Եթե նայեք, թե ինչ է տեղի ունենում այսօր Չինաստանում եւ Սինգապուրում, ապա ձեզ ժամանակի մեքենայում կզգաք: Նրանք չեն վերադառնում գրասենյակներ, եւ ամեն ինչ առաջվանը չէ»,- շեշտել է Microsoft 365-ի ղեկավարը: