17:05 | 19.03.20 | Նորություններ | 2672
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձեւավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։
Խմբի ձեւավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկատվության, տարածման գոտիների եւ այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի (COVID-19) ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնել, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:
Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հետազոտական խմբի գործունեությունը թույլ կտա իրավիճակի մասին հավաստի եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, ինչը կնպաստի հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքների առավել լավ համակարգման իրականացմանն ու կառավարելի դարձնելուն:
Հանդիպման ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են նաեւ խմբի գործունեության ուղղությունները, ռեսուրսների անհրաժեշտությունն ու հնարավոր ժամկետները։
Նախագիծն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության արդյունքում: