12:30 | 24.02.20 | Նորություններ | 2371


ShipsLine հայկական ստարտափը ճանապարհորդ-առաքիչների հարթակ է ստեղծել

Գործարկվել է ShipsLine հայկական հարթակը, որը թույլ է տալիս ճանապարհորդներին գումար վաստակել՝ սեփական ուղեբեռով տեղափոխելով այլ մարդկանց կողմից ուղարկված իրեր:

Հարթակից օգտվելու համար հարկավոր է այցելել կայք, գրանցվել, ավելացնել ճանապարհորդության կամ իր առաքելու մասին հայտարարություն:

Իրեր ուղարկել ցանկացողները կարող են նախապես տեսնել, թե ուր է մեկնում տվյալ ճանապարհորդը եւ պատվիրել իրի փոխադրում՝ տվյալ ուղղությամբ: Ճանապարհորդներն, իրենց հերթին, նախապես տեսնում են, թե ինչ իրեր պետք է տեղափոխեն:

Ինչ վերաբերում է ծառայության դիմաց վճարմանը, ապա հարթակն այդ մասի համար պատասխանատու չէ. գումարի չափի շուրջ պայմանավորվում են ճանապարհորդը եւ իրեր առաքողը:

Հարթակում առկա է վարկանիշային համակարգ, որը թույլ է տալիս ինչպես ճանապարհորդներին, այնպես էլ իրեր ուղարկողներին միմյանց գնահատել՝ պատվերի կատարումից հետո:

Ներկայում ShipsLine-ը հասանելի է հետեւյալ երկրներում՝ Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, ԱՄԷ: