11:08 | 24.02.20 | Նորություններ | 2602
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի եւ Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո:
Նախարար Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: Նա անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոարդյունաբերության ոլորտի առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը։ Նա նշել է, որ ի դեմս Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացմանն գերակա ճյուղերից մեկը։ Նախարարի խոսքով՝ մշակված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն արդեն ներդրվել է, գործում է եւ նոր թափ է հավաքում։
Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին եւ ապագայի հեռանկարներին։ Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի այս ոլորտում, ընդգծել է, որ մեր երկրում բարձր է արժեւորվում մարդկային տաղանդը: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել նորաստեղծ ստարտափներին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալու, կյանքի կոչելու իրենց գաղափարները։
Նախարարը խոսել է նաեւ Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ» ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը, կարեւորելով կրթության դերն եւ նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթ»-ի, «Ազգային ինժեներական լաբորատորիաներ»-ի, «Ինժեներական քաղաք»-ի, «Թումո»-ի գործունեությունը։
Իր ելույթում Արշակյանն անդրադարձել է նաեւ անցած տարի մեր երկրում տեղի ունեցած համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական միջոցառումներին՝ ՏՏ համաշխարհային համաժողովը, « Summit of Minds», «Global IT Award», «Digitec EXPO» ցուցահանդեսը, «ArmHiTech EXPO»-ն, «Ինժեներական շաբաթը»,« Silicon Mountains» համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաեւ առաջիկայում։
Նախարարը խոսել է նաեւ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման մասին, ընդգծել, որ ժամանակակից աշխարհում պայքարը տեխնոլոգիաների միջեւ է։
Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ավտոմատացված կառավարումը, այլ առաջադեմ տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարություն ունեն պատշպանական արդյունաբերության մեջ։ Նրա խոսքով՝ նախարարության կազմում միավորելով բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը, Հայաստանը վստահ է, որ այս երեք ուղղությունները պետք է զարգանան միասնաբար, իսկ լավ կրթությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը բոլոր բնագավառներում տնտեսական հեղափոխության կհանգեցնեն։
Արշակյանն իր ելույթն ավարտել է համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության:
«UMEX/SimTEX 2020» համաժողովի ընթացքում ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին շնորհվել է մրցանակ:
«UMEX/SimTEX 2020»-ը բաղկացած է համաժողովից, ցուցահանդեսից եւ ցուցադրություններից։ «UMEX/SimTEX 2020»-ի նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները եւ նորարարական լուծումները: Միջոցառումն ընդգրկում է նաեւ մոդելավորման եւ թրեյնինգների (Simulation & Training - SIMTEX) հատված, որը միտված է՝ նպաստելու համագործակցության խորացմանը զինված ուժերի, արդյունաբերության, գիտական եւ պետական-կառավարական գործակալությունների միջեւ:
Համաժողովն այս տարի նվիրված է պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված եւ անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը հաջորդ տասնամյակի ընթացքում: Այն կենտրոնանում է թվայնացվող աշխարհում անվտանգության եւ խելացի համակարգերի ավելի լայնամասշտաբ կիրառմանը։