15:57 | 21.02.20 | Նորություններ | 3214

ForgeFiction ստարտափի առաջին գիրքն արդեն հասանելի է Amazon-ում

Հայկական ForgeFiction ստարտափը հրատարակել է օգտատերերի կողմից գրված առաջին գիրքը՝ True Darkness անվանմամբ, որը հասանելի է Amazon-ում։

ForgeFiction.com-ը օնլայն հարթակում միավորում է ֆանտաստիկ գրականության, ֆիլմերի եւ կոմիքսների սիրահարներին, ովքեր համատեղ անգլալեզու գրքեր են գրում։ Միջազգային հեղինակների կողմից ստեղծված առաջին գիրքը միստիկ ժանրի պարանորմալ պատմություն True Darkness-ն է։ Գրքի իրադարձությունները զարգանում են Լոնդոնում, որտեղ գլխավոր հերոսուհին պայքարում է մոգական ուժերի դեմ եւ պաշտպանում է մարդկանց պարանորմալ երեւույթների ազդեցությունից։

Երբ հարթակում նոր գիրք է ստեղծվում, աշխարհի տարբեր երկրների օգտատերերն ավելացնում եւ քվեարկության միջոցով հաստատում են գլուխները։ Ավարտելուց հետո ForgeFiction-ը խմբագրում է գիրքը եւ միջազգային շուկայում հանում է վաճառքի։ Գիրքը գրող օգտատերերը վաճառքի հասույթից չափաբաժին են ստանում։

Ցանկացած մարդ կարող է այցելել հարթակ եւ սկսել նոր գիրք։ Այնուհետեւ, յուրաքանչյուր օգտատեր կարող է գրել եւ ներկայացնել առաջին գլխի իր տարբերակը, որից հետո բոլորը քվեարկում են եւ ընտրում լավագույնը։ Ամենաշատ ձայներ հավաքած գլուխը հաստատվում է՝ դառնալով վերջնական գրքի մի մաս, ապա երկրորդ գլուխը գրվում է նույն կերպ՝ հիմնվելով նախորդ հաստատվածի վրա։ Այս ընթացքը շարունակվում է մինչեւ գրքի ավարտը, որից հետո գիրքը խմբագրվում է եւ վաճառվում։ Գրքի բոլոր հեղինակները, ինչպես նաեւ գրքի գաղափարն առաջարկող օգտատերը վաճառքի հասույթից չափաբաժին են ստանում։ Հարթակը նաեւ օգտատերերին տրամադրում է հատուկ գործիքներ, որոնք օգնում են պատմություններ գրելու եւ Marvel Universe-ի պես աշխարհներ կերտելու ընթացքում։

Ներկայում շաբաթական շուրջ 1000 օգտատեր այցելում է forgefiction.com: Հարթակում ստեղծման ընթացքի մեջ են տարբեր ժանրերի եւ սյուժեների ավելի քան 50 գրքեր։ Գարնանը լույս կտեսնի ընկերության երկրորդ գիրքը: 

Ի դեպ, 2019-ի աշնանը ForgeFiction-ի թիմում ներդրում են կատարել Smart GateVC վենչուրային ֆոնդը, Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) եւ Գիտության ու տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network)։