15:19 | 18.12.19 | Նորություններ | 3329
Այսօր Երեւանում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը:
Ասուլիսից առանձնացրել ենք 5 ուշագրավ կետ:
Ռազմարդյունաբերություն
Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո եւ, ըստ էության, կառավարությունում ստեղծել ենք իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաները կիրառելով, ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ եւ ծրագրեր՝ զենքի, զինամթերքի, սպառազինության արդիականացման մասով:
Սա թույլ է տալիս ունենալ հավասարակշռված մոտեցում. ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ունենում ենք արտադրող եւ մատուցող՝ տեղական արտադրանքի տեսանկյունից, եւ ի դեմս Պաշտպանության նախարարության՝ այդ արտադրանքն օգտագործող եւ գնող: Սա շատ կարեւոր փոփոխություն է, քանի որ արտադրողն ու սպառողն իրարից տարանջատվել են:
Այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից հավելյալ շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել է ռազմարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ եւ նախագծեր մեկնարկելու համար:
2020թ. հատկացումների չափն ավելի մեծ է լինելու, մասնավորապես կրկնապատկվելու է համալիրին հատկացվող գումարների չափը:
Ռազմավարություններ
Այս տարի 3 նոր ռազմավարություններ են մշակվել՝ բարձր տեխնոլոգիական զարգացման, թվայնացման եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն դրված են հանրային քննարկման:
2020թ. հունվարին միջազգային գործընկերների եւ ասոցիացիաների հետ կանցկացնենք ընդլայնված քննարկում, որպեսզի հստակեցնենք առաջիկա 5 տարիների անելիքները:
Արտոնություններ
2019թ. շուրջ 230 ստարտափ է դիմել հարկային արտոնություն ստանալու համար, որոնք, իրենց ներկայացրած թվերի համաձայն, ստեղծել են շուրջ 1200 նոր աշխատատեղ: Նրանց 15-20 տոկոսը Սփյուռքից են: Ստացվում է, որ շուրջ 45 ընկերություն է այս տարի բացվել Հայաստանում՝ սփյուռքահայերի կողմից: Սա փաստում է, որ տաղանդի ներհոսք ունենք:
Կապ
Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը:
Համահարթեցում է տեղի ունեցել եւ ռոումինգի համընդհանուր սակագին է շրջանառության մեջ դրվել: Սակագները նվազել են թե մուտքային եւ թե ելքային զանգերի տեսանկյունից՝ 11-ից 44 տոկոսով:
Ակնկալվում է, որ 2020թ. հուլիսի 1-ից կրկին մուտքային եւ ելքային զանգերի սակագների նվազում կլինի:
Մի փոքր 2018-ի վիճակագրությունից
Հայաստանում 2018թ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ՏՏ, բարձր տեխնոլոգիաներ) ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել է $250 մլն: Աճը՝ 2017թ. համեմատ կազմել է 33 տոկոս: Կանխատեսում ենք, որ մի քանի տարվա ընթացքում այս ցուցանիշը կհասնի $500 մլն, իսկ աշխատակիցների թիվը՝ 30 հազ.: Կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շուրջ 38 տոկոս է: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջատարների մեջ է:
2018թ. ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 15 հազ. աշխատող: Այս ոլորտի շրջանառությունը հիմնականում գոյանում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով: Գումարները գեներացվում են դրսում, իսկ երկիր գալիս է միայն աշխատավարձերի համար նախատեսված գումարը: Դա բերում է նրան, որ նման փոքր թվեր ենք ունենում շրջանառության տեսանկյունից:
Այս թվերով 1 աշխատակցին միջինը բաժին հասնող տարեկան շրջանառությունը կազմում է $16.500, իսկ բոլորս գիտենք, որ իրականում, այս ոլորտում աշխատակիցների գեներացված արդյունքը տարեկան առնվազն $40-50 հազ. պետք է կազմի: Ստացվում է՝ այսօր մեր ունեցած թվերը 3 անգամ պակաս են իրականում գեներացվող շրջանառությունից: Սա նշանակում է, որ մեր ռազմավարության մեջ պետք է դիտարկենք այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն, որ հայկական ընկերություններն իրենց ողջ գումարը շրջանառեն Հայաստանում:
Հ.Գ. Հակոբ Արշակյանը խոստացել է ոլորտի 2019թ. վիճակագրությունը ներկայացնել 2020թ. հունվարին:
Նարինե Դանեղյան