15:14 | 11.02.20 | Նորություններ | 4384

Տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Mobile World Congress-ին մասնակցությունից

Կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով, մի շարք հայտնի ընկերություններ չեն մասնակցի փետրվարի վերջին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ին, որը համարվում է տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը:

LG, Ericsson, Amazon, Nvidia եւ Sony ընկերություններն արդեն հայտնել են մասնակցությունից հրաժարվելու մասին: Չի բացառվում, որ առաջիկայում նրանց կմիանան նաեւ այլ ընկերություններ:

«Sony-ն ուշադիր հետեւում է կորոնավիրուսի շուրջ զարգացումներին: Մենք կարեւորում ենք մեր հաճախորդների, գործընկերների, լրատվամիջոցների եւ աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը, ուստի դժվարին որոշում ենք կայացրել՝ հրաժարվել MWC 2020-ին մասնակցելուց»,- նշել են ընկերությունում:

Իսկ չինական ZTE-ն այն ընկերությունների թվում է, որոնք հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել մասնակցությունից, եւ որ նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն ըստ ժամանակացույցի:

«Mobile World Congress 2020-ում կներկայացվեն ZTE Axon նոր 5G սմարթֆոնը եւ բազմաթիվ 5G սարքեր»,-նշել են ZTE-ում:

Ցուցահանդեսի կազմակերպիչ GSM ասոցիացիան իր հերթին հայտարարել է, որ, չնայած մեծ ռիսկերին, չի նախատեսում չեղարկել ցուցահանդեսը:

«Ես գիտեմ, որ կորոնավիրուսը խոչընդոտներ է ստեղծել աշխարհի շատ երկրների մասնակիցների եւ այցելուների, այդ թվում՝ Չինաստանից կոնգրեսին մասնակցող 5-6 հազար մարդու համար… GSMA-ը նախատեսվածի համաձայն առաջ է շարժվում, եւ փետրվարի 24-27-ին հյուրընկալելու է MWC Barcelona-ն: Չնայած նրան, որ որոշ խոշոր ընկերություններ որոշել են այս տարի չմասնակցել ցուցահանդեսին, իսկ մյուսները դեռ քննարկում են հետագա քայլերը, ցուցահանդեսը կկայանա ավելի քան 2800 ընկերությունների մասնակցությամբ»,- նշել է GSMA-ի գործադիր տնօրեն Ջոն Հոֆմանը:

Նշենք, որ Իսպանիայում միջոցառման նախաշեմին անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում: Օրինակ, Չինաստանից ժամանած հյուրերը կկարողանան երկիր մտնել՝ Չինաստանից դուրս վերջին 14 օրն անցկացնելու դեպքում:

Mobile World Congress-ի յուրաքանչյուր մասնակցի մարմնի ջերմաստիճանը կստուգվի մուտքի մոտ: