17:35 | 18.12.19 | Նորություններ | 14591
Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը:
Միջոցառման առաջին օրը կայացած պանելային քննարկմանը մասնակցել է DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը: Նա խոսել է
ստարտափներին տրամադրվող աջակցության, ինչպես նաեւ կորպորացիաների եւ ստարտափների միջեւ համագործակցության տարբերակների մասին:
«Մենք ստարտափներին չենք աջակցում գումարով, սակայն ունենք լուրջ տեխնոլոգիական ռեսուրսներ, որոնցով կարող ենք օգնել նորաստեղծ ընկերություններին՝ գոյության նախնական շրջանում: Այդ ճանապարհով պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ ստարտափների կայացման գործում:
DataArt-ը բավական հզոր մասնագիտական ներուժ ունի, մասնավորապես այն 3500 բարձրակարգ մասնագետները, որոնք աշխատում են աշխարհով մեկ՝ ընկերության տարբեր գրասենյակներում: Կարծում եմ, որ օգտագործելով այդ ներուժը, ստարտափները շատ կարճ ժամանակում կարող են ստեղծել իրական արժեք՝ հիմնված իրենց գաղափարի վրա: Մենք նաեւ կարող ենք օգնել թիմ հավաքելու հարցերում»,- նշել է Արսեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, կորպորացիաների եւ ստարտափների համագործակցությունը պետք է դիտարկել ոչ միայն ստարտափ էկոհամակարգի, այլեւ հայաստանյան ՏՏ էկոհամակարգի զարգացման տեսանկյունից:
«Հայաստանում գործունեության առաջին օրվանից DataArt-ը ՏՏ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկել: Առաջինը՝ մասնակցությունն էր հետաքրքիր ֆորմատով տեղական կոնֆերանսների: Ներկայացել ենք ընկերության ամբողջ ներուժով՝ այդ թվում արտերկրից հրավիրված խոսնակներով, որոնք ելույթներ են ունեցել հետաքրքիր եւ արդիական թեմաներով: Այդ միջոցառումների շրջանակում նաեւ կարողացել ենք մեր կորպորատիվ մշակույթը ներկայացնել Հայաստանի ՏՏ համայնքին»,- պատմել է Արսեն Բաղդասարյանը:
DataArt ընկերությունը ստեղծում, մշակում եւ զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը տարբեր ոլորտներում:
22 տարի գործող DataArt-ը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։ Դրանց շարքին 2019թ. ավելացել է նաեւ Հայաստանի գրասենյակը: