08:52 | 09.11.19 | Նորություններ | 2740

80 սթարթափ սփյուռքից դիմել է «ՆերՈւժ» ծրագրին

«ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագրին դիմել է ավելի քան 80 սթարթափ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը UWC Dilijan քոլեջում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին եւ Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասնագետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ եւ զարգացնելու իրենց գաղափարները:

Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաեւ Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատիրական ամբողջական աջակցություն: