11:47 | 13.09.19 | Նորություններ | exclusive 28543

DataArt Armenia-ի գրասենյակը բացվել է Երեւանում

Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունը՝ Հայաստանում մի քանի ամիս գործելուց եւ 20-ից ավելի աշխատակից հավաքագրելուց հետո, սեպտեմբերի 12-ին Երեւանում պաշտոնապես բացել է իր գրասենյակը։

Բացման արարողությանը DataArt-ի ավագ փոխտնօրեն Յուրի Կաբրիցն ասել է, որ ընկերության կարգախոսը՝ «մարդիկ՝ առաջին տեղում» գործում է նաեւ նոր համագործակցություն սկսելիս, եւ որեւէ երկրում մասնաճյուղ բացելու համար իրենք նախ փնտրում եւ գտնում են վստահելի գործընկեր։  

photo © Մեդիամաքս


«Մեր բախտը բերեց, մոտ երկու տարի առաջ ծանոթացանք Արսեն Բաղդասարյանի հետ եւ սկսեցինք մտածել Հայաստանի ծրագրավորողների հետ համագործակցություն սկսելու մասին։ Բացահայտեցինք, որ Երեւանը բացառիկ վայր է, որտեղ կան հրաշալի ծրագրավորողներ, որոնց հետ կարող ենք համագործակցություն սկսել եւ զարգացնել բիզնեսը։ Մենք միավորում ենք հաճախորդներին եւ ծրագրավորողներին ամբողջ աշխարհով մեկ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ ծրագրավորողները կարողանան հաջողությամբ զբաղվել իրենց սիրելի աշխատանքով՝ չհեռանալով սեփական երկրից»,- ասել է նա։  

DataArt Armenia-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանն ասել է, որ գրասենյակի բացումը մեծ գաղափարի իրագործման ընդամենը սկիզբն է։

photo © Մեդիամաքս


«Մեծ նպատակներ ունենք։ Կարող է մի փոքր ամբիցիոզ թվալ, բայց մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ պետք է ձգտենք լինել Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների լավագույն 5-յակում եւ այդ շարքում չլինել 5-րդը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։    

photo © Մեդիամաքս


«Շատ հաճելի է լսել նման կազմակերպության՝ Հայաստանում գործունեություն սկսելու մասին։ Համոզված եմ՝ այս կազմակերպությունն իր հետ կբերի մարդակենտրոն աշխատանքային մշակույթ, ինչպես նաեւ գիտելիքներ, փորձառություն։ Վստահ եմ, որ իրենք էլ իրենց հերթին Հայաստանը դեռ կբացահայտեն որպես պարարտ վայր՝ իրենց գործունեությունը ծավալելու համար»,- ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը։


DataArt-ը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։: