13:03 | 12.09.19 | Նորություններ | 7214

Ինեկոբանկը՝ «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավոր

Ինեկոբանկը եւ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ինեկոբանկը հանդիսանում է «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավորը։

«Ինեկոբանկը կհովանավորի ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019» համաժողովը։ Որպես «WCIT 2019»-ի ինովացիոն հովանավոր՝ բանկը նպատակ ունի խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումը եւ աջակցել միջազգային տեխնոլոգիական հարթակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Համոզված եմ, որ համաժողովը կստեղծի բարենպաստ նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման համար, կապահովի գործընկերության ընդլայնում եւ կնպաստի մեր պետության նկատմամբ հետաքրքրության աճին միջազգային ընկերությունների կողմից»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

«ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երեւանում։ Մեր երկիրը հոկտեմբերին կհյուրընկալի ՏՀՏ հսկաներին ու եղանակ թելադրողներին, ինչը տեղական ընկերությունների համար հրաշալի առիթ է ՏՏ ոլորտի ամենաարդիական թեմաները քննարկելու, նոր կապեր ձեռք բերելու եւ համաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ իրենց ամենահամարձակ նորարարական լուծումներն իրագործելու համար»,- ասել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին եւ կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակցի՝ շուրջ 70 երկրներից։

«Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ» խորագրով համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
 
Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որն անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։