12:17 | 09.09.19 | Նորություններ | 5777

«WCIT 2019»-ի կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված կլինի 220 կամավոր

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպիչներն առաջին հավաքն են անցկացրել «WCIT 2019»-ի 220 կամավորների հետ։

Նրանք ընտրվել են թեժ մրցակցության արդյունքում՝ 400 հավակնորդներից։ Ընտրված կամավորները տիրապետում են առնվազն 3 լեզվի, այդ թվում՝ անգլերեն ու հայերեն, ընդգրկուն գիտելիքներ ունեն ՏՏ ոլորտի, Հայաստանի եւ երկրում տեղի ունենալիք համաշխարհային համաժողովի մասին։

ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի կունենա Երեւանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

«Դուք WCIT 2019»-ի «դեսպաններն» եք, առաջինն, ում տեսնելու, ում հետ շփվելու են համաշխարհային մեծության նորարարներն ու տեխնոաշխարհում եղանակ ստեղծողները՝ Հայաստան ժամանելուն պես։ Նրանք ընդամենը մի քանի օր, իսկ ոմանք՝ նույնիսկ հաշված ժամեր են մեր երկրում անցկացնելու։ Հետեւաբար նաեւ ձեզանից է կախված, թե ինչ տպավորություններով կգնան մեր հյուրերը, կցանկանա՞ն վերադառնալ ու կապը շարունակել տեղական ընկերությունների հետ»,- կամավորներին ուղղված խոսքում նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։