11:14 | 09.09.19 | Նորություններ | 1718
Սեպտեմբերի 7-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։
Նախարար Հակոբ Արշակյանը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների եւ ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն եւ գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտային խմբերի նպատակներն ու առաջնահերթությունները, խմբերի աշխատանքային կարգը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Նշվել է, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, որը կհամակարգի խմբի աշխատանքները։
Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը խոսել է թվայնացման եւ էկոհամակարգի զարգացման ուղղությունների ու նպատակների մասին։ Նա նշել է, որ Հայաստանում թվայնացման որոշակի համակարգ արդեն կա, բայց աշխատանքներ են տարվում բարձրացնելու դրա որակն ու կիրառելիությունը, զարգացնելու թվային ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նախատեսվող կրթական ծրագրերին։ Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 3000 մարդ Երեւանից եւ նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերում։
Բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները ներկայացրել է ինտելեկտուալ սեփականության գծով մասնագետ Խաչիկ Պապանյանը։
Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության մեջ գիտության եւ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից խոսել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։
Տեխնոլոգիական շուկաների զարգացման առաջնահերթություններին, հայկական ընկերությունների արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելուն, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադարձել է նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման եւ առաջընթացի համար։