14:14 | 09.07.19 | Նորություններ | 2136

Սինգապուրում ներկայացվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը

Հուլիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը նշել է, որ սա լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու եւ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար:

Նա նշել է, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ են ծանոթանալ երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ կնքվելիք ազատ առեւտրի մասին պայմանագիրը եւս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, եւ Հայաստանը կարեւոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

«Սինգապուրի զարգացման ուղին եւ կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար եւ կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ համագործակցության հնարավորությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան եւ ծանոթանալ առկա հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել` կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան եւ Սինգապուր` տեղում ներդրումային եւ համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար: