12:01 | 08.07.19 | Նորություններ | 1732

Հայաստանն ու Սինգապուրը քննարկում են տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սինգապուրում հանդիպել է Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն: Նա նշել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ:

Վարչապետը ներկայացրել է նաեւ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը` հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով:

«Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին եւ ընկերությունների գործունեությանը»,- ասել է վարչապետը:

Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական: Նա հավելել է, որ Temasek հոլդինգը պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ ինժեներական կրթության ոլորտում: Temasek Holdings ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման եւ տեխնիկական համագործակցության հեռանկարները:

Temasek Holdings-ի ներկայացուցիչները հրավիրվել են այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: