17:38 | 01.07.19 | Նորություններ | 7850
Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Տվյալագիտության ամառային դպրոցը:
Այն մասնակիցներին հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով:
Ամառային դպրոցին գրանցվել են տարբեր ոլորտները ներկայացնող 70-ից ավելի մասնակիցներ:
«Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի եւ միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը եւ ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»,- ասել է ՀԱՀ Բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը:
«Տվյալագիտությունն ու նմանատիպ ժամանակակից ուղղությունները չափազանց հեռանկարային են ու պահանջված, իսկ մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործատու լավ գիտենք որակյալ կադրերի կարեւորությունը: Մենք ուրախ ենք ներդրում ունենալ մեր երիտասարդների մասնագիտական կրթության մեջ, որպեսզի նրանք իրենց հերթին դրական ազդեցություն ունենան մեր երկրի զարգացման հարցում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ Webb Fontaine-ի գործառությունների տնօրեն Սերոբ Սերոբը, ով ընդգծել է տվյալագիտության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը:
Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները եւ ստանալու են տվյալագիտության ոլորտի արդիական այլ գիտելիքներ: