16:17 | 01.07.19 | Նորություններ | 3110
Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։
Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։
Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսեւոլոդ Յանչեւսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին եւ արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց եւ այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։
Նախագահը նաեւ փորձարկել է վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։
«Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ եւ Հայաստանի նման ներուժ՝ զարգացնելու այդ համակարգը: Եվ նրանք մեծ հաջողությունների են հասել: Մոտ 50 հազար մասնագետներ են աշխատում այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, որոնք ստարտափ են, մինչեւ մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն: Հետեւաբար, Բելառուսի փորձն ինձ համար շատ հետաքրքիր է եւ պետք է հետաքրքրի Հայաստանին, եթե ուզում ենք ամեն գնով աջակցել արհեստական բանականությունը զարգացնելուն: Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են, որոնք կարող են այս ոլորտում աշխատել, եւ ես հույս ունեմ Բելառուսի նախագահի հետ շարունակել մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրներն ավելի խորը համագործակցել: Գործընկերներին պետք է հրավիրենք՝ գան Հայաստան, որպեսզի ներկայացնեն իրենց գործունեությունն ու փորձառությունը»,- նշել է Հայաստանի նախագահը:
Նա ասել է, որ հարաբերությունները պետք է զարգացնել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա:
Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկը միավորում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 570 ընկերություն, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումների, հավելվածների մշակումներով, ՏՏ խորհրդատվությամբ, համակարգչային, ժամանցային խաղերի ստեղծմամբ եւ այլն։ Հայտնի նախագծերից են Viber, Juno, MSQRD հավելվածները, World of Tanks համակարգչային խաղը։
Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերությունների կողմից մշակված բջջային հավելվածներն օգտագործում է ավելի քան 1 մլրդ մարդ, աշխարհի տասը խոշորագույն կորպորացիաներից հինգը եւ աշխարհի 67 երկիր համարվում են տեխնոլոգիական պարկի պատվիրատու։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերություններից վեցը աշխարհի լավագույն 100 աութսորսինգ ընկերությունների շարքում են։