Շարունակվում է հունիսին մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի Աքսելերատոր #5 ծրագիրը, որի առանցքում գենդերային հավասարությունն է:
Աքսելերատորի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող այն կանանց եւ աղջիկներին, ովքեր ցանկանում են մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ եւ դեռ չունեն համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսեւորելու համար, ինչպես նաեւ արհեստավարժ բանախոսների օգնությամբ ստեղծել սեփական ստարտափները, որոնք կներկայացնեն ծրագրի ավարտին։
Աքսելերատոր #5 (Աքս #5)-ը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար:
Աքսելերատոր #5 կանանց եւ աղջիկների համար (14+) - այս ուղղությունը նախատեսված է 14 տարեկանից բարձր աղջիկների եւ կանանց համար, որի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության գործնական սեմինարներ/դասընթացներ, հանդիպումներ փորձագետների հետ, ինչպես նաեւ մի շարք այլ նպատակային միջոցառումներ։
Ծրագրի ընթացքում նախատեսված են Ֆոտոշոփ/Իլյուստրատոր, սոցիալական մեդիա/դիզայն, ծրագրերի ղեկավարում, HTML/CSS, JavaScript, ցանցային կառավարում։ 148 դիմում հայտերից 43 մասնակիցներ Երեւանից, Վանաձորից եւ ՀՀ այլ մարզերից ստացան Աքսելերատորին մասնակցելու հնարավորություն։ Ծրագիրը կտեւի 20 շաբաթ: Դասընթացները տեղի կունենան շաբաթական երկու անգամ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (Երեւան)։
#5 Երեխաների համար (7-14) - 7-14 տարեկան աղջիկների համար նախատեսված ծրագրի հիմնական առաքելությունն է օգնել նրանց իրականացնել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում, ինչը ծրագրի մասնակիցներին եւ նրանց ծնողներին հնարավորություն կտա ավելի վստահ քայլեր անել տեխնոլոգիական մասնագիտության ընտրության դեպքում։ Ծրագրին մասնակցում են 22 աղջիկ Գյումրիում եւ 23-ը` Վանաձորում։
Դասընթացները կիրականացվեն CoderDojo Armenia-ի հետ համատեղ, որը հանդիսանում է երիտասարդների համար նախատեսված համաշխարհային ծրագրավորման ակումբների ցանցի տեղական ներկայացուցչությունը: Ծրագրի ընթացքում կանցկացվեն Scratch, HTML եւ CSS դասընթացներ։ Երեխաներին ավելի մատչելի ու հետաքրքիր մատուցելու համար օգտագործվելու է «Սովորել՝ անելով» մեթոդը, եւ յուրաքանչյուր դասի ավարտին ինտերակտիվ խաղի միջոցով ամփոփվելու է այդ օրվա ստացած գիտելիքները, ինչի նպատակն է մոտիվացնել երեխաներին լինել ավելի ուշադիր եւ ակտիվ։
Ծրագիրը նախատեսված է կանանց եւ աղջիկների համար, ովքեր պատրաստ են մտնել տեխնոլոգիական աշխարհ՝ դառնալով այդ մեծ համայնքի մի մասը: Մասնակցության համար չեն պահանջվում նախնական գիտելիքներ, քանի որ ծրագիրը նախատեսված է սկսնակների համար:
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի, ԻԼՏԿ հիմնադրամի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Girls in Tech Armenia-ի, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հետ համատեղ։