12:33 | 25.06.19 | Նորություններ | 3121
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Փառատոնը, որը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նպատակ ունի ոգեշնչել եւ կրթել հետազոտողների նոր սերնդին:
STARMUS-ի 5-րդ փառատոնին այս տարի մասնակցում են տիեզերագնացության «Ապոլոն» ծրագրի մասնակից 7 տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի 12 դափնեկիրներ եւ արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, որոնք քննարկումներ են անցկացնում մասնավորապես միկրոբիոլոգիայի ու կենսաքիմիայի, աստղագիտության եւ նեյրոգիտության վերաբերյալ:
Փառատոնը բացել է գաղափարի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում: Ելույթով հանդես է եկել հետազոտության, գիտության եւ նորարարության գծով Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում հրավիրել է հաջորդ STARMUS-ին գալ Հայաստան:
«Ես շատ ուրախ կլինեմ ցույց տալ ձեզ յուրահատուկ կրթական վայրեր, քանի որ ձեր թեմաները՝ տեխնոլոգիաները, երաժշտությունը, կրթությունը, մարդկանց ավելի են մոտեցնում գիտությանը»,- նշել է նա:
Հայաստանի նախագահը ներկայացրել է նախագահական նոր նախաձեռնությունները, որոնցից մեկը կոչվում է ATOM (Advanced tomorrow) եւ ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը կներառի գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ եւ համալսարաններ, կստեղծվի նաեւ «Վաղվա թանգարան»:
Մյուս նախաձեռնությունը «Մեծ պայթյուն» անվանումով նախագահական նոր մրցանակի հիմնումն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հանձնվելու է ամեն տարի՝ նորարարությունների, գիտության, տեխնոլոգիաների, կրթական ոլորտներում այն նվաճումների համար, որոնք մեծ պայթյունի ազդեցություն կունենան 21-րդ դարի վրա։
Նախագահը STARMUS-ի հիմնադիրներին եւ անդամներին՝ հայտնի երաժիշտների, գիտնականների, աստղագետների, հրավիրել է ընդգրկվել ստեղծվելիք խորհրդի կազմում՝ արդեն հաջորդ տարվա հաղթողներին որոշելու համար։