12:44 | 24.06.19 | Նորություններ | 7074

Ucom-ի աջակցությամբ կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երեւան 2019» (չ)կոնֆերանսը

Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-ից 23-ը Երեւանում կայացել է «ԲարՔեմփ Երեւան 2019» թվով 11-րդ (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ է միավորել ՏՀՏ ոլորտի հազարավոր մասնագետների:

Արդեն 6 տարի է, ինչ ԲարՔեմփ Երեւանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրող հայկական ընկերություն, Ucom-ն այս տարի ոգեշնչել է իր աշխատակիցներին կիսվել սեփական փորձով բարքեմփերների հետ։ Դասական պատկերացումները հեռահաղորդակցության ոլորտի մասին հնացել են, նեղ մասնագիտացման դարն անցել է։ Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։
Big Data եւ IoT-ի դարաշրջանը, որն այսօր առաջ է բերում անհամեմատ ավելի բարդ խնդիրներ, քան երբեւէ, պարտադրում է բիզնեսին ինքնուրույն դարբնել սեփական կադրերին, հույսն այլեւս չդնել դասական կրթության վրա եւ անընդհատ կիսվել առկա փորձով։

Մեր ընկերության տեխնիկական, ինչպես նաեւ պրոդուկտ մշակող անձնակազմն աշխատանքի բերումով շատ համակարգերի հետ գործ ունի եւ միշտ պատրաստ է կիսվել ոչ թե մեկ, այլ մի շարք ոլորտներին վերաբերող արժեքավոր փորձով ու գիտելիքներով։ Վստահ եմ՝ բազմաթիվ ստարտափերի հիմնադիրներ սա կիրառելի ու օգտակար կգտնեն»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի մասնագետները (չ)կոնֆերանսին խոսել են թվային ինքնության ու ցանցում դրա հետքերի, աշխատող պրոդուկտը զրոյից ստեղծելու, մասնագիր փաստաթղթերում տեխնիկական հատվածը ճշգրիտ ձեւակերպելու, պատրաստի պրոդուկտի առցանց հարթակներում ներկայացման առանձնահատկությունների մասին։ Ելույթներով հանդես են եկել նաեւ միջազգային հյուրեր՝ Յուրա Պարսամովը (Ռուսաստան), Անաստասիա Կալաշնիկովան (Ռուսաստան), Ամիր Սարաբադանին (Գերմանիա), Թոմաս Արոուն (Գերմանիա), Ստեֆան Ասադորյանը (Իսպանիա) եւ Լաշա Շոնիան (Վրաստան):

Այս տարի եւս «ԲարՔեմփ Երեւան 2019»-ին ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետները վարպետության դասեր անցկացրեցին։ Ընթացքում գործում էր ավանդական աշխատաշուկան, որին մասնակցել են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Բարքեմփ Երեւանը կարելի է գտնել Facebook-ում, Twitter-ում` @barcampam, Instagram-ում։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn19:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է: ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, որոնք հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ.-ից: Առաջին ԲարՔեմփ Երեւանի մասնակիցների թիվը հասնում էր 300-ի, իսկ 10 տարի անց հասնում է երեք հազարի: