09:56 | 24.06.19 | Նորություններ | 1588

PicsArt-ը կնշի նորամուտը ֆիլմարտադրությունում

PicsArt-ն առաջիկայում կնշի նորամուտը հայկական ֆիլմարտադրությունում։

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը հանրահայտ «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը էկրան կբարձրանա աշնանը: Ֆիլմի առանցքում բջջային հեռախոսներն են եւ այն դրամատիկ իրադարձությունները, թե ինչ կկատարվի, երբ հերոսներն իրենց բոլոր հաղորդագրությունները բարձրաձայն կարդան եւ հեռախոսազանգերին պատասխանեն բարձրախոսով։

Մի շարք երկրներ (Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա, ՌԴ) նկարել են ֆիլմի իրենց իսկ մշակութային առանձնահատկություններով ադապտացված տարբերակները: Հայկական տարբերակը կպարունակի ընդհանրություններ եւ միեւնույն ժամանակ կառանձնանա իր յուրահատկություններով:

«Քանի որ PicsArt հավելվածն ունի 130 մլն ակտիվ օգտատեր, անհնար է պատկերացնել, որ հերոսներից ոմանք չեն օգտվում հավելվածի լուսանկարների խմբագրման հարուստ գործիքներից։ Ահա թե ինչու, պատահական չէ, որ ֆիլմարտադրության մեջ տեսնում ենք նաեւ PicsArt-ին»,- նշել են PicsArt-ում։

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի ուշադրության կենտրոնում հերոսների հեռախոսներն են, եւ քանի որ մենք նկարահանում ենք հայտնի ֆիլմի հայկական տարբերակը, միանգամից հասկացանք, որ պետք է անպայման համագործակցել միջազգային բարձր ճանաչում ունեցող հայկական ամենահաջողված հավելվածի՝ PicsArt-ի հետ։ Իսկ թե ինչ ֆորմատով ենք համագործակցում PicsArt ընկերության հետ՝ հանդիսատեսը կիմանա միայն ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալուն պես»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը։