12:52 | 18.06.19 | Նորություններ | 4749

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

Հունիսի 11-16-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը Միացյալ Նահանգներում հանդիպել է ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների եւ WCIT 2019 համաժողովի բովանդակությունը մշակող կոմիտեի անդամների հետ՝ օրակարգի թեմաների, բանախոսների ցանկի քննարկման նպատակով։

Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում գործող ամերիկյան մի շարք ընկերությունների ղեկավարների ներկայացվել է WCIT 2019-ի նախապատրաստական ընթացքը։ Ալեքսանդր Եսայանը նրանց հրավիրել է Հայաստան՝ հոկտեմբերին կայանալիք միջոցառմանը մասնակցելու նպատակով:

«Սիլիկոնյան հովիտն աշխարհի ամենազարգացած էկոհամակարգերից է, որտեղ եւ ստարտափները, եւ խոշոր ընկերությունները մեծ հաջողություններ են արձանագրում։ Այն, իհարկե, մեզ համար գլխավոր ուղղություններից է, որտեղից հետաքրքրված ենք ներգրավել մասնագետների՝ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու, Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժին ծանոթանալու եւ ներդրումային ծրագրեր կազմելու համար»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում՝ հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։