11:00 | 18.06.19 | Նորություններ | 8258

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գոմքում տեղադրվել է արտաքին լուսավորության համակարգ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ սահմանամերձ Գոմք գյուղը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը:

Ինչպես Հայաստանի հեռավոր, սահմանամերձ տարբեր գյուղերում, այստեղ եւս ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. սկզբում լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները:

Դեռեւս 2015թ. «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործակցող կողմերին հաջողվել է տեղակայել 37 LED լուսարձակով ապահովված արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի երկրորդ փուլով դրանց թիվն ավելացել է եւս 34-ով: Ընդհանուր առմամբ, Գոմքում լուսավորվել է 2650 մետր տարածություն, որից 1300 մ՝ նախորդ ամռանը մեկնարկած աշխատանքներից հետո:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը եւ համայնքի բնակիչներ:

«Աշխարհն ապրում է տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր մշակվում են մարդու կյանքն ու կենցաղը հեշտացնող լուծումներ: Եվ նման հնարավորությունների դարում, թվում է՝ չպետք է լինի, ասենք, փողոցների լուսավորության խնդիր: Մինչդեռ այն կա եւ հաճախ՝ սահմանամերձ գյուղերում: Արդեն 5 տարի՝ սկսած 2014 թվականից, գործընկեր կառույցի հետ, համատեղ ծրագիր ենք իրականացնում, գիտակցելով, որ լուսավորված փողոց ունենալը չպետք է լինի քաղաքի մենաշնորհ: Աստիճանաբար կրճատում ենք խավարի մեջ կորած փողոցների քանակն ու սահմանապահ գյուղում բնակվողին լույսի հետ վերադարձնում լավ ապագայի հավատը: Այս ծրագրի հիմքում կա նաեւ սոցիալական աջակցության բաղադրիչ, ինչը եւս անչափ կարեւոր է: Ուրախ եմ արձանագրել, որ հաջորդական փուլերով, մեզ հաջողվեց այս գյուղում եւս իրականություն դարձնել ժամանակակից լուծումներով հագեցած, ծախսերի կրճատում երաշխավորող համակարգի գործարկումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաքին լուսավորության համակարգի գործարկումը կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Գոմքը հարմար բնակավայր է նաեւ էկո-զբոսաշրջություն զարգացնելու համար: Այդ ուղղությամբ եւս, այստեղ ակտիվ աշխատանք է տարվում:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գոմքի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: