14:10 | 24.05.19 | Նորություններ | 10465
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015-ից իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը եւ ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:
Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացին՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ ձեռք բերում աշխատանքային էթիկայի եւ կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել VivaStart-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից եւ տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքը՝ Նելլի Թադեւոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը եւ Լեւոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:
«Մեր ընկերությունը կարեւորում է «VivaStart»-ը որպես կարեւոր հարթակ՝ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացները՝ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձեւավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարեւորագույն նպատակներից է նաեւ գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ եւ վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարեւոր մեկնակետ՝ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015 թվականից մեկնարկած՝ ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: