16:08 | 17.05.19 | Նորություններ | 2290

Nokia-ն հետաքրքրված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններով

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։

Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետեւաբար նաեւ՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, եւ երկրի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ։

Զրուցակիցները հատկապես կարեւորել են կրթական համակարգի դերը՝ այն դիտարկելով որպես այդ ամենի հիմքը։

Նշելով, որ Հայաստանը Խորհրդային Միությունից ժառանգել է բավականին լավ կրթական համակարգ, նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը բաց է դեպի նորը։ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր»,- ընդգծել է նա:

Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններով: Նա նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հաջողակ լինելու են այն երկրները, որոնք լավ հիմք են պատրաստում այդ փոփոխությունների համար։

Հայաստանի նախագահը Nokia-ի ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Nokia Corporation-ը մասնագիտացած է հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրական սարքերի արտադրության ոլորտներում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ու զգալի միջոցներ է ներդնում տեխնոլոգիական նոր լուծումների հայթայթման, դրանք իրենց արտադրանքում կիրառելու վրա: