14:17 | 06.05.19 | Նորություններ | 3589

Հայկական ընկերությունները կարող են մասնակցել Թբիլիսիում կայանալիք ENOG-ին եւ GITi-ին

Տեղական ՏՏ ընկերությունները հայաստանյան պատվիրակության կազմում կարող են մասնակցել հունիսին Թբիլիսիում կայանալիք ՏՀՏ ոլորտի տարածաշրջանային երկու կարեւորագույն միջոցառումների:

Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG 16) կոնֆերանսը կկայանա հունիսի 3-ին եւ 4-ին Radisson Blu Iveria Hotel հյուրանոցի տարածքում։

ՏՀՏ զարգացման եւ կիբերանվտանգության միջոցառումը՝ GITi-2019-ը (կոնֆերանս, էքսպո եւ մրցանակաբաշխություն) կկայանա հունիսի 4-ին եւ 5-ին Sheraton Tbilisi Hotel հյուրանոցի տարածքում:

Երկու միջոցառումների շրջանակում Թբիլիսին կհյուրընկալի տարածաշրջանային եւ միջազգային առաջատար փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող ընկերությունների, ինտերնետ-հանրության ներկայացուցիչների։ GITi-ում կներկայացվի նաեւ հայկական ՏՀՏ անկյունը, որտեղ մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան ցուցադրել ինչպես իրենց պրոդուկտներն ու լուծումները, այնպես էլ տեղեկատվական նյութերն ու գովազդային կրիչները:

Միջոցառումների մասնակցությունն անվճար է։ Առկա է կազմակերպչական վճար՝ ընկերության կողմից 1 մասնակցի դեպքում 35 000 դրամ եւ 25 000 դրամ` յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար: Պետական կառույցների ներկայացուցիչները կազատվեն գրանցման վճարից, կստանան տրանսպորտային եւ կազմակերպչական աջակցություն։

Գրանցման վերջնաժամկետն է մայիսի 15-ը: Մասնակցության պայմանների, աջակցության հնարավորությունների եւ լրացուցիչ տեղեկատվության համար, հարկավոր է գրել techwayarm@gmail.com էլ․ հասցեին կամ զանգահարել +374 93314019 հեռախոսահամարով:

Երեւան-Թբիլիսի-Երեւան փոխադրումը կիրականացվի gg-ի եւ ISOC-ի (Ինտերնետ հանրություն ՀԿ) աջակցությամբ։

Գործընկերներն են ARMIX հիմնադրամը, Ինտերնետ հանրություն ՀԿ-ն, Internet Society Armenia Chapter ՀԿ-ն, Օպերատորների հայկական միությունը (ՕՀՄ), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), gg ընկերությունը:

Մեդիա գործընկերներն են Itel.am-ը եւ վրացական Navigator Publishing house ընկերությունները։

2008թ.-ից մինչ օրս հայկական պատվիրակության կազմում GITi-ին մասնակցել են տասնյակ ընկերություններ, կազմակերպություններ եւ պետական կառույցներ, այդ թվում՝ Armenian Software, Limetech, Arpinet, Arloopa, Rumors Monitoring, Union of Advanced Technology Enterprises, Union of Employers of ICT, ARMIX Foundation, Armenian Union of Operators, Armath Engineering Laboratories, Techway LLC, Cyber Gates, Noravank Foundation, Technology and Science Dynamics, որոնք Հայաստան են վերադարձել բազմաթիվ մրցանակներով:

ՀՀ պետական կառույցների` ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված eGov լուծումներն էլ արժանացել են GITi Award մրցանակների` որպես պետական հատվածի տարածաշրջանային ՏՀՏ լավագույն լուծումներ: