Սարգիս Զեյթունյանը
12:00 | 27.02.19 | Հարցազրույցներ | exclusive 26598
2015թ.-ից գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) Նախատիպերի արտադրության լաբորատորիան: Այստեղ կարելի է գտնել եռաչափ սքաներ, հաստոց, վակուումային ձուլման մեքենա, եռաչափ տպիչներ, որոնք միակն են Հայաստանում:
Itel.am-ը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) Նախատիպերի արտադրության լաբորատորիայի տնօրեն Սարգիս Զեյթունյանի հետ:
- Ի՞նչ գործունեություն է ծավալում նախատիպերի արտադրության լաբորատորիան:
- Լաբորատորիան ստեղծվել է Ճարտարագիտության ֆակուլտետի Համակարգչային նախագծման եւ արտադրության լաբորատորիայի հիմքի վրա, որն, իր հերթին, հիմնադրվել է 1999թ. ՝ համալրված թվածրագրային կառավարման (ԹԾԿ) MSH YMP-01 հաստոցով եւ թվային ծրագրավորման ուսուցման Delta Tau PMAC ստենդով:
Հաջորդ մի քանի տարիներին լաբորատորիայի գործիքակազմը հարստացավ սեղանի ԹԾԿ խառատային հաստոցով, տպիչներով եւ համակարգիչներով, ինչպես նաեւ ամերիկյան HAAS Super Mini Mill ԹԾԿ ֆրեզերային հաստոցով: Լաբորատորիան դարձավ ուսանողների դասապատրաստման սիրելի վայրը: Այն հատկապես աշխույժ էր համակարգչային նախագծման եւ արտադրության դասընթացների շրջանակում կատարվող նախագծերի փուլում: Դրանց թեմաները մշտապես փորձել ենք կապել իրական արտադրական խնդիրների հետ՝ համադրելով բազմափորձ ճարտարագետների մասնագիտական գիտելիքները եւ մեր ուսանողների՝ նախագծման ու արտադրության ծրագրային արդիական գործիքներից օգտվելու ունակությունը:
- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում:
- Տարբեր նախագծերի շրջանակում համագործակցել ենք այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ամա կոմպրեսորը», «Արգելը», «Գլասս ուորլդ քամփընին», «National Instruments»-ի հայաստանյան գրասենյակը, ԵՊՀ CANDLE ինստիտուտը, Ֆլորիդայի պետական համալսարանը եւ նրա գործընկեր Keuka Wind-ը, Հարվարդի բժշկական կենտրոնը: Վերջինիս հետ գործընկերությունը շարունակվում է նաեւ այսօր՝ արդեն Նախատիպերի արտադրության լաբորատորիայի աշխատանքների ներգրավմամբ:
- Կպատմե՞ք նախագծերից մի քանիսի մասին:
- Համակարգչային նախագծման եւ արտադրության լաբորատորիայում կազմակերպվել են նաեւ ուսումնական դասընթացներ տեղական կազմակերպությունների ճարտարագետների համար: Արժե հիշատակել 2004թ. ANSEF-ի (Armenian National Science & Education Fund) դրամաշնորհով կազմակերպված դասընթացը տեղական տարբեր ընկերությունների 12 ճարտարագետների համար, 2008թ. USAID-ի ֆինանսավորմամբ անցկացված դասընթացը Cambric Corporation-ի՝ Հայաստանում նոր հիմնադրվող մասնաճյուղի ճարտարագետների համար, ինչպես նաեւ 2015թ. TEMPUS ծրագրի շրջանակում NI Armenia-ի դուստր ընկերությունների 6 ճարտարագետների համար կազմակերպված դասընթացը:
2015թ. ASHA-ի (American Schools and Hospitals Abroad) դրամաշնորհի միջոցով լաբորատորիան համալրվեց արտադրության այնպիսի արդիական տեխնոլոգիական համակարգերով, ինչպիսիք են եռաչափ տպիչները, վակուումային ձուլման սարքը եւ լազերային սքաները:
Տեղի ունեցան նաեւ կառուցվածքային փոփոխություններ. լաբորատորիան մաս կազմեց EPIC կենտրոնին: Այս փոփոխությունները, սակայն, չեն նվազեցրել լաբորատորիայի դերը համալսարանի ուսումնական ծրագրերում: Տարբեր մասնագիտությունների բազմաթիվ ուսանողներ այժմ էլ իրենց գործնական առաջադրանքներն են կատարում լաբորատորիայում:
- Ո՞րն է լաբորատորայի նպատակը եւ առաքելությունը:
- Նախատիպերի արտադրության լաբորատորիայի ամենակարեւոր նպատակներից մեկն իր ծառայությունները տեղական արտադրողին առաջարկելն է։ Ուրախությամբ պետք է նշենք, որ համագործակցությունն այս ուղղությամբ աստիճանաբար աշխուժանում է։ Արդեն իսկ պատվիրատուներին ենք տրամադրել եռաչափ տպագրության, լազերային սքանավորման, ձուլակաղապարների պատրաստման եւ ԹԾԿ այլ ֆրեզերային արտադրության ծառայություններ։
Նախագծման եւ արտադրության՝ Հայաստանում համարժեքը չունեցող մեր սարքերը եւ բարձրորակ ծառայությունները կարող են մեծապես օգտակար լինել ռազմարդյունաբերական համալիրի նախագծերում։
Մենք հատկապես հետաքրքրված եւ նախանձախնդիր ենք այս ուղղությամբ համագործակցություն հաստատելու եւ մեր հնարավորություններն ի սպաս դնելու հարցում։
Լաբորատորիայի սարքերին եւ դրանց ընձեռած հնարավորություններին կարելի է ծանոթանալայստեղ:
Սարգիս Զեյթունյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը